Պայծառատես վարչապետը կարող է կանխատեսել 2362 և 3674 թթ իրադարձությունները. մամուլ
«Հայկական Ժամանակը» գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեբաստիկ հայտարարություն է արել: Նա ասել է, որ մշակվել է կայուն զարգացման նոր ծրագիր, որով նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության հիման վրա մինչև 2025 թվականը ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ:
Դժվար է գտնել մի որևէ լուրջ երկիր, որի վարչապետը 13 տարվա հեռանկարով խոստանա բացվելիք աշխատատեղերի թիվ հրապարակել: Հիմա հնարավոր չէ նույնիսկ մոտավոր կանխատեսել, թե 13 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունն ինչ ուղղությամբ կզարգանա, ինչ ճգնաժամեր կամ տնտեսական թռիչքներ կլինեն, քաղաքական ինչպիսի իրավիճակ կլինի, ասենք, Չինաստանում, դրանից ինչպես կփոխվի աշխարհի տնտեսությունը և այլն, և այսպես շարունակ:
Բայց ՀՀ վարչսւպետն անում է նման պատասխանատու հայտարարություն: Այսինքն, նա կարողանում է բոլոր այդ մանրամասները ճշգրիտ հաշվարկել և ճշգրիտ կանխատեսել, թե մինչև 2025 թվականը Հայաստանում քանի աշխատատեղ կստեղծվի: Ըստ մեր տեղեկությունների, նա կարող է ճշգրիտ կանխատեսել նաև, թե ինչպիսի վառելիք են օգտագործելու փոխադրամիջոցները 2362 թվականին, և որքան կլինի պղնձի ու կաուչուկի նկատմամբ աշխարհի տնտեսության պահանջարկը 3674 թվականին: Սա ամենևին էլ չափազանցություն չէ, քանի որ 13 տարվա կտրվածքով նոր աշխատատեղերի թիվ կանխատեսելը նույնն է, ինչ վերը բերված օրինակները: Իհարկե, նա չկարողացավ կան- խատեսել 2008-ի համաշխարհարհային տնտեսության ճգնաժամը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս հասել էր Հայաստան, բայց դա շատ մանր հարց է մեր վարչապետի համար:
Առայժմ մի կողմ թողնենք ՀՀ վարչապետի կանխատեսումներ անելու ունակությունները և տեսնենք, թե Հայաստանում 250 հազար աշխատատեղ բացելու գոնե տեսական հնարավորություն կա՞: Դրա համար պետք է ուսումնասիրենք վիճակագրությունը:
Որքա՞ն գործազուրկ կա այսօր Հայաստանում: Ըստ մի պաշտոնական վիճակագրության` կա մոտ 85 հազար գործազուրկ, ըստ մեկ այլ վիճակագրության` մոտ 270 հազար: Վերցնենք մեծ թիվը` 270 հազարը: Օգտագործելով թվաբանական պարզ գործողությունները` 13 տարի անց 250 հազար նոր աշխատատեղ բացվելու պարագայում 270 հազարից 250 հազարը կստանա աշխատանք, և գործազուրկների թիվը Հայաստանում կկազմի 20 հազար, այսինքն` բնակչության միայն 0.8 տոկոսը: Եվ այդպիսով, ՀՀ-ն կդառնա աշխարհում գործազրկության մակարդակով ամենա-ամենացածր ցուցանիշ ունեցող երկիրը: Եվ սա այն դեպքում, երբ ամենազարգացած, ամենաառողջ, ամենամրցունակ տնտեսությամբ երկրներում գործազրկության մակարդակը 6-7 տոկոսից ցածր չէ: Ավելի ցածր չի էլ կարող լինել, որովհետեւ, որքան էլ դաժան հնչի, գործազրկության այդպիսի մակարդակը թույլ է տալիս աշխատաշուկայում ձևաավորել մրցակցություն, և միայն դրա շնորհիվ է, որ աշխատուժը դառնում է որակյալ, իսկ տնտեսությունը` մրցունակ:
Բայց կրկին անցնենք վիճակագրությանը: Վերջին տարիներին Հայաստանում ծնելիության մակարդակը և արտագաղթի տեմպերն այնպիսին են, որ 13 տարի անց նվազելու է ոչ միայն բնակչության թիվը, այլ նաև աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Այսինքն, եթե նույնիսկ 250 հազար աշխատատեղ բացվի, ապա դրանց մի մասը մնալու է թափուր: Այս վիճակագրությանը քաջածանոթ է նաև կառավարությունը: Եվ եթե նման պայմաններում խոստանում են 13 տարի հետո ունենալ 250 հազար նոր աշխատատեղ, ապա` կամ պարզապես խաբում են, կամ` ընդհանրապես չեն պատկերացնում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի զարգացումները:
Երկու դեպքն էլ վկայում են, որ կառավարությունը նման հարցերի շուրջ լրջության ակնարկ անգամ չի դրսևորում և ընդամենը սիրուն-միրուն թվեր է կրակում: Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, որ 2025 թվականին Հայաստանում կբացվի 5 միլիոն աշխատատեղ, և Հայաստանը կհայտնվի ամենազարգացած յոթ երկրների շարքում:
Իսկ գուցե կառավարությունը նկատի ունի, որ այդ ընթացքում մեր տնտեսությունը այնպես կզարգանա, որ Հայաստանից մեկնածները նավերով ու գնացքներով ե՞տ կդաոնան: Դրա համար Էլ կա վիճակագրություն: Հայաստանում աշխատավարձ ստացող 470 հազար մարդ կա: Նրանցից 310 հազարը ստանում է ամսական մինչև 75 հազար դրամ աշխատավարձ, իսկ 93 հազարը` մինչեւ 32 հազար 500 դրամ: Եվ ուրեմն, վարչապետը խոստանում է ոչ միայն 470 հազարին ավելացնել 250 հազար նոր աշխատատեղ, այլև աշխատավարձերը այնքան բարձրացնել, որ Հայաստանից մեկնած աշխատուժը վերադառնա: Մի խոսքով, վարչապետի երեկվա հայտարարությունը նրա հերթական «իրատեսական» խոստումներից է:
Չնայած պետք Է հատուկ նկատենք, որ Տիգրան Սարգսյանը միակը չէ, որը նոր աշխատատեղերի բացման այսպիսի խոստումներ է տալիս: Երևի չեք մոռացել Ռոբերտ Քոչարյանի` 2001 թվականին խոստացած 40 հազար աշխատեղը: Հայտարարվեց, որ 40 հազարի փոխարեն բացվել է 44 հազար նոր աշխատատեղ, իսկ 2002-ին կբացվի ևս 25 հազարը: Հետո մի պահ աշխատատեղերի թեման փակվեց:
Իրականությանը մոտ ոչ մի վիճակագրություն Հայաստանում գործազուրկների թվի մասին չկար մինչև 2008-ը: Եվ այդ պայմաններում ով որքան ուզեր` կարոդ էր աշխատատեղ «ստեղծել»: Աշխատատեղերը ստեղծվում էին տասնյակ ու հարյուր հազարներով, բայց գործազուրկների թիվը չէր նվազում: Հա, չմոռանանք նշել, որ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ Աժ-ում հայտարարել է, որ 2013 թվականին կբացվի 10 հազար նոր աշխատատեղ»: