Գագիկ Ծառուկյանը` քաղաքական հալածյալ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-6-ը` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կայանալու է ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի և նրա ղեկավարի մասնակցության ձևաչափի մասին կհայտարարվի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:
Կուսակցության այս երկու պաշտոնական հաղորդագրությունների տրամաբանությամբ, նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ հայտարարվելու է կամ Բրյուսելում, կամ Բրյուսել-Երևան ճանապարհին: Դա, ի դեպ, ևս բնութագրական է ԲՀԿ-ի համար, և ամենևին զարմանալի չի լինի, եթե Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարի Բրյուսել-Երևան ճանապարհին ընկած այն քաղաքներից մեկում, որտեղ ավելի հաճախ է լինում, քան Երևանում: Դա կարող է լինել Կիևը, Մինսկը, կամ, որ ավելի հավանական է` Մոսկվան: Իրականում այդ հայտարարությունը կհնչի դեկտեմբերի 7-ից հետո` Երևանում, սակայն խնդիրը հայտարարության վայրը չէ:
Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ականների այցը Բրյուսել, մեծ հաշվով, վկայում է այդ կուսակցության և նրա առաջնորդի աննախանձելի վիճակի մասին: Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, երկու շաբաթից քիչ ավելի` այդ ընտրություններում առաջադրվելու համար, սակայն Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, դեռևս տատանվում է` առաջադրվե՞լ, թե՞ ոչ:
Գագիկ Ծառուկյանի վիճակն աննախանձելի է այն առումով, որ նա իրականում պարտադրված է ներկայումս հայտնվել մի կարգավիճակում, որը գուցե անգամ ինքը չի ցանկանում: Գագիկ Ծառուկյանը հաջողակ գործարար է, սիրում է զբաղվել սպորտով և աջակցել սպորտին, բարեգործություններ է անում: Այդ ամենը նրա մոտ լավ է ստացվում, այդքանով նա, թերևս, ինքնաբավ գործիչ է: Բայց սկսած 2007 թվականից՝ նա իրադարձությունների բերումով հայտնվել է մի կուսակցության ղեկավարի կարգավիճակում, որին Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դերակատարում է վերապահվել (թե ում կողմից` տվյալ դեպքում երկրորդական է):
Այդ կարգավիճակից ելնելով՝ նա ստիպված է կատարել իր տեսակին, նախասիրություններին, հետաքրքրություններին չհամապատասխանող քայլեր:
Տարիների ընթացքում այդ քայլերի կարևորությունն ու նշանակությունն աճել է, և հիմա նրանից պահանջում են կատարել հաջորդ, գուցե՝ վերջին, բայց ամենակարևոր քայլը` առաջադրվել նախագահական ընտրություններում: Պահանջում են նրա քաղաքական հովանավորյալները, նախկին ու ներկա իշխանությունները, սեփական կուսակիցները, քաղաքական տրամաբանությունը, վերջին հաշվով:
Բայց եթե մինչ այս Ծառուկյանից պահանջվող քայլերը հնարավոր է եղել փոխհատուցել կուսակիցների, կուսակցության քաղաքական դեմքերի միջոցով, ապա այս` վերջին քայլը պահանջում է անձնական դրսևորում: Հենց դա է Գագիկ Ծառուկյանի ամենամեծ ողբերգությունը: Չլինելով քաղաքական մարդ, նա տարիներ շարունակ քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիայով է զբաղվել, և հիմա եկել է պահը՝ իմիտացիան հասցնելու վերջին հանգրվանին:
Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը` լինելով հզոր կուսակցության հզոր առաջնորդ, վայելելով, ինչպես իր կուսակիցներն են ասում, երկրում ամենամեծ ժողովրդավարությունը, ըստ ամենայնի, զրկված է սեփական գործողություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու մանդատից: Ու, որքան էլ տարօրինակ հնչի, այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ներկայումս հայտնվել է քաղաքական հալածյալի դերում: «Հալածողների» շրջանակը գրեթե հայտնի է` Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, գուցե արտաքին ինչ-որ ուժեր: Նրանք բոլորը՝ Ծառուկյանին դրդելով առաջադրվել ընտրություններում, անում են ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ ղեկավարը հալածվի ոչ միայն իրենց, այլև Սերժ Սարգսյանի կողմից: