Ռուսական պատուհանի եվրոպական օդանցքը

Վերջին օրերին Հայաստան այցելած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում կարմիր թելի պես անցնում էր միտքը, որ Եվրամիությունը պատրաստ է ավելացնել մեր երկրին տրամադրվող նյութական և քաղաքական աջակցությունը ու դրա դիմաց Հայաստանից պահանջում է ընդամենը ժողովրդավարության զարգացում: Այդ մասին մի քանի անգամ Երևանում տարբեր ամբիոններից հայտարարեց Եվրամիության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, եթե ոչ առաջինը` Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:

Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպայի դիրքորոշումը շատ պարզ է, այնպես ինչպես նրանց կողմից այդ հարաբերությունների հիմքում դրված սկզբունքի ձևակերպումը` «ավելին` ավելիի դիմաց»: Այն, ինչ աջակցության դիմաց պահանջում են եվրոպացիները, դժվար է նույնիսկ պահանջ անվանել, քանի որ ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության մասին մեր իշխանություններն ու ընդդիմադիրներն ավելի հաճախ ու ավելի բարձր են խոսում, քան եվրոպական պաշտոնյաները:

Հայաստանի ամենահիմնարար խնդիրը վերջին հաշվով ժողովրդավարության ներկայիս վիճակն է` արտաքուստ անընդհատ «կատարելագործվող», իրականում` խեղաթյուվող ժողովրդավարությունը: Եվրամիությունն ասում է` լուծեք ձեր ամենահիմնարար խնդիրը, դրա դիմաց կստանաք ֆինանասական և ոչ միայն ֆինանսական աջակցություն: Կարելի է իհարկե, դավադրությունների տեսության հնագույն ԵՄ-ի այս մոտեցման մեջ գտնել ամենաթաքնված նպատակներ, «իմպերիալիզմի ճղճիմ հաշվարկներ»: Բայց իրականությունն այն է, որ եվրոպացիները մեզ առաջարկում են օգնություն այն բանի համար, որը մենք ինքներս համարում ենք Հայաստանի փրկությունը:

Առաջին հարցը, որ ծագում է այս դեպքում, այն է, թե ինչու Հայաստանի իշախանություններն օր առաջ ձեռնամուխ չեն լինում ժողովրդավարության կայացմանը, ինչո՞ւ ամենօրյա աշխատանքով ավելի չեն մոտեցնում եվրոպական աջակցությունը: Որովհետև, իշխանություններն իրենց հայտարարություններում որքան անմնացորդ են նվիրվում ժողովրդավարությանը, այնքան իրականում պայքարում են դրա դեմ, քանի որ ժողովդավարության մեջ տեսնում են իշխանության, իշխող վարչակարգի ամենամեծ սպառնալիքը:

Ընդ որում, եթե անգամ գործող իշխանությունը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը անկեղծ է ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին իր հայտարարություններում, դա հետին թվով չի օրինականանցնում 2008 թվականին հակաժողովրդավարական ընտրությունների արդյունքներով նրա` իշխանության գալու փաստը:

Հայաստանի նկատմամբ Եվրամիության, ընդհանրապես Արևմուտքի վերաբերմունքի թերևս ամենախոցելի մասն այն է, որ նրանք Հայաստանում ժողովրդավարության մակարդակը հաճախ գնահատում են գրեթե նույն պրզիմայով, որով ՀՀ իշխանություններն են նրանց ներկայացնում իրականությունը: Այսինքն` Եվրոպան հայաստանյան իրականությունը գնահատում է հիմք ընդունելով, պայմանական ասած, Հայաստանի պաշտոնական զեկույցները` ունենալով նույն իրականության վերաբերյալ սեփական կառույցների` իրական վիճակն արտահայտող զեկույցներ:

Եվրոպական դիվանագիության այդ մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ ավելի լավ է աստիճանաբար «ժողովրդավարացնել» թեկուզ հակադեմոկրտական ռեժիմներին, քան իրերն իրենց անուններով անվանելով` այդ նույն իշխանություններին վանել եվրոպական ընտանիքից: Հատկապես, որ Ռուսաստանը պատրաստ է գրկաբաց ընդունել ցանկացած նման ռեժիմի: Բայց այդ` երկարաժամկետ հեռանկարում գուցե արդարացված մոտեցումը հաճախ թերահավատություն է առաջացնում այն հասարակություններում, որոնց Եվրոպան ցանկանում է դարձնել իր ընտանիքի անդամ: Օրինակ, երբ մարդիկ Հայաստանում պայքարում են իշխանական կամայականությունների, ուժային մարմինների ոտնձգությունների, կոռումպացված դատական համակարգի և այլ հակաժողովրդավարական երևութների դեմ և միաժամանակ լսում են եվրոպացի պաշտոնյաների հիացմունքը այդ երևույթները ծնող իշխանությունների հասցեին, սկսում են մեղմ ասած վերապահումներով մոտենալ ժովրդավարությանը: Այն ժողովրդավարությանը, որ ըստ եվրոպացիների, կարող է հաստատվել էությամբ հակաժողվրդավարական իշխանության պայմաններում: Սա եվրոպական «փոփուկ քաղաքականության» թերևս ամենամեծ վտանգն է` ժողովրդավարական արժեքներից հանրային հիասթափության վտանգը:

Այդուհանդերձ, անգամ այդ հանգամանքը չպետք է պատճառ դառնա եվրոպական քաղաքականությունը, առավել ևս` ժողովրդավարությունը բոյկոտելու համար: Հայաստանի հասարակությունը, լայն իմաստով, այնպիսի երկընտրաքնի առաջ է, ինչպիսին Եվրոպայի` վերը նշվա երկընտրանքն է. աստիճանաբար հասնել ժողովրդավարության անգամ այս վարչակազմի պայմաններում, թե «ձեռք քաշել» Հայաստանից: Կամ որ նույնն է` սլանալ Եվրասիական միություն, որին անդամակցելու համար Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է «ավելի վատ` չհամաձայնվելու դիմաց» սկզբունքը:

Ի դեպ, Եվրամիության ու Ռուսաստանի քաղաքակրթական տարբերությունն արտահայտվում է նաև Հայաստանի նկատմամբ կիրառվող քաղաքականության հարցում: Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է, Ռուսաստանը` սպառնում: «Գիտեմ, որ Հայաստանում բաց քննարկվում է այն հարցը, թե ինչպես ավելի լավ հավասարակշռել պետության հարաբերությունները իր ռազմավարական նշանակության հարևանների հետ»,- Երևանում Հայատարարել է Ժոզե Մանուել Բարոզուն` բնականաբար նկատի ունենալով Ռուսաստանին:

Բայց շատ ավելի կարևոր է նրա հայտարարության շարունակությունը. «Վերջին հաշվով, այն թե ինչպես եք դուք կառավարում ձեր արտաքին հարաբերությունները միայն և միայն ձեր ընտրությունն է: Մենք ուրախ ենք, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. «Մոտենալ Եվրոպական միությանը այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ կտա մեզ»»: Այսինքն` Բարոզուն դիվանագիտական լեզվով հասկացնում է` ի վերջո ընտրողը դուք եք` անդամակցել դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միությանը` խորացնելով ռուսական «ֆորպոստի» կարգավիճակը, թե շարունակել եվրաինտերգրացիայի ճանապարհը: Կարևորը այստեղ «դուք եք կառավարում ձեր արտաքին հարաբերությունները» արտահայտությունն է, որի մեջ առնվազն հարգանք կա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ: Ի տարբերություն Ռուսաստանի, որի դեսպանը Հայաստանում հայտարարում է, թե ռուսների շնորհիվ է հայ ժողովուրդը պահպանել անվտանգությունն ու ինքնությունը, որի Պետդումայի նախագահը հայտարարում է, թե «ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է», որի նախագահը հիշեցնում է, որ իր երկրում ապրող հայերը իրենց հարազատներին 1 մլրդ դոլարից ավելի օգնություն են ուղարկում…:

Հայաստանն այսօր իսկապես կանգնած է լուրջ ընտրության առաջ: Դա քաղաքական, բայց նաև ու առաջին հերթին քաղաքակրթական, արժեքային համակարգի ընտրություն է: Փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները միջանկյալ, բայց կարևոր փուլ են այդ գլոբալ ընտրության հարցում: Հայաստանի հասարակության դժբախտությունն այն է, որ այդ միջանկյալ ընտրությունն ըստ էության զրկված է ընտրության հնարավորությունից: Իշխանությունը որքան պերճախոս է ժողովդավարության ու եվրաինտեգրացիայի մասին հայտարարություններում, նույնքան պատրաստակամ է տեղի տալ Ռուսաստանի ցանկացած ճնշման` հանուն իշխանությունը պահպանելու: Ընդդիմությունը նույնքան պատրաստակամ է ռուսական շահը սպասարկելու հարցում` իշխանության գալու համար:

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս