Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմելու են դատարան
Մարտի 1-ի զոհերի հարազատները մտադիր են դիմել դատարան և պատասխանատվության կանչել «Հայոց պատմություն» բուհական դասագրքի հեղինակներին, ովքեր, հարազատների համոզմամբ, խեղաթյուրել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները:
Այդ ողբերգական օրվա 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե դասագրքի հեղինակը` Երևան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «աղավաղել է իրականությունը»: Հովհաննիսյանը նշել է, որ զոհերի հարազատները խորհրդակցելու են փաստաբանների հետ` որոշելու, թե ինչպես հիմնավորեն հայցը:
«Դա չլսված բան է, երբ նախաքննությունը ընթանում է, իսկ այդ թեման արդեն պատմության գիրկն է անցել: Ես լսեցի «Ազատություն» ռադիոկայանում ելույթը, Մինասյանն այնտեղ ասում է` վերցրել եմ ժամանակավոր հանձնաժողովից: Անգամ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը, որը նորից օբյեկտիվ չէ, և մենք դրա դեմ բողոքարկել են ԵԽ ԽՎ, անգամ այնտեղ այդ աստիճանի սուտ չկա գրված, ինչպես որ գրել է պարոն Մինասյանը հայոց պատմության դասագրքում,- վրդովված պատմել է ոստիկանների կիրառած «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից զոհվածի մայրը` շարունակելով,- Օրինակ, գրել է «երկուստեք հրազեն են օգտագործել»:
Ոչ մի ոստիկանական տեղեկատվության մեջ, ասենք, Հատուկ քննչական ծառայության հաշվետվությունները, որ իրենք ասում են, քրեական գործում այդ «երկուստեք հրաձգություն» բառը չկա: Այսինքն` տեղից խեղաթյուրված պատմություն է, ինքը վերցրել է մի հատ էլ, Բաղրամյան 26-ին դուր գալու համար, ավելի խեղաթյուրել է և որպես պատմություն ներկայացնում է սերունդներին»:
«Ես կարծում եմ, որ ինքը հրապարակավ պետք է ներողություն խնդրի առաջինը զոհերի ծնողներից: Ինքը չի՞ հասկանում, որ զոհերը ծնողներ ունեն, որ ծնողները ամեն ինչին հետևում են: Ծնողներով պարտադիր պետք է դատարան քարշ տանք այդ դասագիրքը գրողներին: Պատասխանատուները պետք է դատարանում պատասխանատվության ենթարկվեն», – ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ալլա Հովհաննիսյանը: