Բազմաբնակարան շենք՝ ծրագրավորողների համար
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով Երևանում ծրագրավորողների և կապի աշխատակիցների համար բազմաբնակարան շենք կկառուցվի: Ըստ news.am-ի, այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Նոր շենքի շինարարությունը կսկսվի դեկտեմբերի 5-ին. «Այնտեղ կարող են բնակարան ձեռք բերել բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի աշխատակիցները», – հստակեցրել է Քարամյանը: Ավանի ծայրամասում կառուցվող ապագա շենքի 410 բնակարանի համար արդեն 720 հայտ է ստացվել: «Մենք նրանց միջից ընտրություն կկատարենք, բայց վարկային պայմանները նախկինի պես արտոնյալ կլինեն. Կանխավճարը կկազմի 20%, տոկոսադրույքը՝ շուկայականից զգալի ցածր՝ մինչև 10%», – ասել է Քարամյանը: Շենքում քմ-ի արժեքը կկազմի 185 հազ դրամ (մոտ 450 դոլար):
Անդրադառնալով բնակարանների վերավաճառքի հարցին` Քարամյանը նշել է, որ իրեն անձամբ դա խիստ վշտացնում է: «Այնուամենայնիվ, պաշտոնապես մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ բնակարանը գնելով, մարդն իրավունք ունի այն տնօրինելու իր հայեցողությամբ, այդ թվում` վարձով տալու և վաճառելու», – պարզաբանել է փոխնախարարը: Ըստ նրա` արդեն գրանցվել է վաճառքի 11 դեպք. «Միակ միջոցը յուրաքանչյուր դիմողի մանրազնին ստուգելն է, որը մենք հնարավորինս անում ենք»:
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի արդեն սկսվել է շենքերի շինարարությունը Զեյթունում` գիտական և ստեղծագործական ոլորտի աշխատակիցների համար, ինչպես նաև Ավանում՝ մանկավարժների, լրագրողների, բժիշկների և մարզիկների համար: