
Ալկոհոլը նվազեցնում է մահվան ռիսկը ծանր վնասվածքների դեպքում

Ալկոհոլի բարձր պարունակությունն արյան մեջ կարող է օգնել հիվանդին խուսափել մահվանից ծանր վնասվածքների դեպքում: Ինչպես հաղորդում է dailymail-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Հետազոտության արդյունքները ստանալու համար նրանք ուսումնասիրել են 1995-2000 թվականներին բժշկական օգնության դիմած 190 հազար հիվանդների:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են տարբեր վնասվածքների վրա՝ սկսած այրվածքներից մինչև բաց կոտրվածքներ, ինչպես նաև ներքին օրգանների վնասվածքներ: Բոլոր հիվանդների արյունը հետազոտության է ենթարկվել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդի արյան մեջ ալկոհոլի ցանկացած քանակ պաշտպանական դեր է կատարել օրգանիզմի համար: Դրական արդյունք գրանցվել է նշված բոլոր վնասվածքների դեպքում՝ բացառությամբ այրվածքների:
Բժիշկների խոսքով՝ մահացության աստիճանը գինովցած լինելու պարագայում նվազում է 50 տոկոսով: Գիտնականները ցանկանում են ալկոհոլի այս ազդեցությունը օգտագործել դեղամիջոցների պատրաստման մեջ: