Ստեփանակերտում տեղի կունենա ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ կառավարությունը ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կկազմակերպեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:
Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ԻՏՁՄ-ից: Ֆորումին կմասնակցեն ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաներ, ՏՀՏ ընկերությունների և բիզնես ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ֆորումի մասնակիցներին կընդունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանխ խոսքով՝ իրենց հիմնական նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը զարգանա նաև մարզերում, ինչի համար տարբեր ծրագրեր ենք նախաձեռնել: Հիմնվելով 2010 և 2011 թվականներին Ստեփանակերտում կայացած «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումների արդյունքում ունեցած ձեռքբերումների վրա` մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, Ինստիգեյթ, Լայմ Տեխ, Սիներջի ընկերությունների կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվել է այս հանդիպումը նվիրել ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման հետագա խնդիրներին:
Սպասվում է, որ ֆորումի ընթացքում մի քանի միջազգային ընկերություններ կհայտարարեն Ղարաբաղում իրենց ընկերության մասնաճյուղի բացման մասին: Միջոցառման օրակարգային թեմաներից են` ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացումը` պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ԼՂՀ-ում ՀՀ ՏՀՏ կազմակերպությունների կողմից ընկերությունների հիմնադրման և/կամ գործունեություն ծավալելու վերաբերյալ առաջարկությունների ու մտահաղացումների ներկայացում և այլն:
Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ-ում տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով նոյեմբերի 15-ից սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Ղարաբաղում իրականացնում է ձեռներեցությանը նվիրված սեմինար: Սեմինարին մասնակցելու համար մասնակիցները պետք է ներկայացնեին հետաքրքիր գործարար գաղափարներ, ունենային գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա, ինչպես նաև նախնական գիտելիքներ տեխնոլոգիաների բնագավառում: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախագծերը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին: