Գալուստ Գրիգորևիչը ընդդիմությանը խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ Սահմանադրությունը

«Է, թող դիմեն, դա իրենց լիազորությունների մեջ է մտնում և իրավունքների շրջանակում է, մենք որևէ հիմքեր չենք տեսնում սահմանադրական»,- անդրադառնալով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ դիմելու են Սահմանադրական դատարան, նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման պատճառով, galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչպես հայտնի է, ՍԴ դիմելու համար ՀԱԿ խմբակցությանը անհրաժեշտ կլինի 27 պատգամավորի ստորագրություն: Ավելի վաղ ՀԱԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած խորհրդարանական ուժերն առայժմ չեն արձագանքել` կմիանա՞ն արդյոք ստորագրահավաքին, թե՞ ոչ:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ական պատգամավորները միանշանակ չեն միանալու այդ ստորագրահավաքին: «Հանրապետականը ոչ մի սեթևեթանքի հետքերով գնացող կուսակցություն չէ, մենք այսօր մեր աշխատանքն ենք կատարում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի քայլն անարդյունավետ կլինի: «Սահմանադրական դատարանը արտահերթ նիստի տապալումը չի կարող անօրինական ճանաչել, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակում է իրականացվել»,- նշել է Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով խորհրդարանական 4 ուժերի ներկայացուցիչների այն պնդումներին, որ խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է.

«Մի քիչ թող մյուս հոդվածներն էլ ուշադիր նայեն, ցանկացած քաղաքական թիմ իր պատասխանատվությունն ու իր իրավունքներն ունի»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին խորհրդարանական չորս ուժեր ՝ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հրավիրել էին արտահերթ Ազգային ժողովի նիստ, որի ընթացքում նախատեսված էր քննարկել ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ: Արտահերթ նիստը, ինչպես հայտնի է, քվորումի բացակայության պատճառով տապալվեց:

Տեսանյութեր

Լրահոս