
«Քրեակատարողական հիմնարկներում այդ հարցերը միշտ էլ եղել են». Ա. Իշխանյան

Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները նոր չեն առաջացել, բայց հասարակությունը հիմա է սկսել հետաքրքրվել դրանցով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ կբացատրեք վերջին շրջանում քրակատարողական հիմնարկներ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակտիվ այցելություններին, ինչպես նաև՝ դրան հաջորդած ԱԺ լսումներին:
«Ժամանակի ընթացքում ինչ-որ բան երբեմն հասունանում է, և, ի վերջո, հասարակությունը սկսում է դրա վրա ուշադրություն դարձնել: Օրինակ՝ բանակի հանցագործությունները: Երկար ժամանակ դրանց մասին ասվում էր, բայց ընդամենը մի քանի ամիս առաջ նոր դա դարձավ հասարակության ուշադրության առարկա:
Նույնը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում կատարվող իրադարձություններին և այդ բողոքներին: Հասարակական կազմակերպությունները բազմիցս այդ հարցերը բարձրացնում էին քննարկումների ժամանակ, բայց դա հասարակական ուշադրության չէր բերում: Ես կարող եմ դա բացատրել այսպես. գուցե ինչ-որ մի պահի այդ բոլորը կուտակվում են և դառնում են հասարակության քննարկման առարկա, որովհետև այնպես չէ, որ դա այսօր սկսվեց, որ մինչ այդ ամեն ինչ լավ էր, և միայն այսօր այդ հարցերը բարձրացան: Այդ բոլոր հարցերը միշտ էլ եղել են, և ուրախալի է, որ վերջապես հասարակությունը սկսեց դրանցով հետաքրքրվել: Ուրեմն՝ այդ հարցը հասունացել է, գոնե հասարակության համար»,- ասաց Ավետիք Իշխանյանը: