Մեր ազգային արժեքները մեզ հետաքրքիր չեն
Հայ հասարակության մեծամասնությունը տեղյակ չի իր երկրում գտնվող հետաքրքիր վայրերի, պատմամշակութային կոթողների մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Արշավներ» ակումբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը:
«Մեր հասարակության մեջ շատ քչերն են հետաքրքրված իրենց ազգային արժեքների, մշակութային վայրերի ճանաչումով: Չնայած ներգնա տուրիզմն արդեն ինչ-որ չափով թափ է առնում»,- ասաց Ռ. Բաղդիշյանը:
Նշենք, որ «Արշավներ» ակումբը գործում է 4 տարի և յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին արշավներ է իրականացնում տարբեր վայրեր: «Կդժվարանամ նշել, թե կոնկրետ քանի արշավներ ենք կազմակերպել այս տարիների ընթացքում, բայց կարող եմ ասել, որ հարյուրավոր երթուղիներ ենք կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում, ԼՂՀ-ում, անգամ Ջավախքում: Ամենաշատ երթուղիներ կազմակերպել ենք դեպի Տաթև: Դա շատերի երազանքն է: Մենք ունենք շատ վայրեր, որոնց անունները շատերն անգամ չեն էլ լսել: Ակտիվ արշավականներին այդ վայրը շատ է դուր եկել: Միշտ օրինակ եմ բերում Կիրանց վանքը, որին հասնելուն պես՝ արտասովոր զգացողություններ ես ունենում: Շատերն այդ վանքը տեսնելիս փշաքաղվել են, ոմանք՝ նաև արտասվել»,- ասաց Ռ. Բաղդիշյանը:
Չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրն ունի աշխարհագրական հետաքրքիր դիրք, շատ են պատմամշակութային կոթողներն ու հիշատակության արժանի վայրերը, սակայն մշակութային արժեքների պահպանման մշակույթը մեզանում այնքան էլ զարգացած չէ:
«Խնդիրներ կարելի է տեսնել ամենուր՝ սկսած սոցիալական վիճակից, վերջացրած՝ սխալ դաստիրակությամբ և թերի ու ոչ ճիշտ մշակութային ուսումնասիրություններով»,- ասաց «Արշավներ» ակումբի հիմնադիրը: