Փողը առաջարկեց, ընդունեցին, տվեց, վերցրեցին, բայց չընդունվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 30-ին տեղի կունենա «Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց դեմ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստը:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձինք, միաժամանակ` 2012-2013թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ ու պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Նախաքննության տվյալներով` Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս