Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց իր հարյուր հազարավոր ձայները
«Ես ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատությանը՝ անկախ նրանից` կոռեկտ են արտահայտվում, թե ոչ, նորմալ եմ վերաբերվում, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժերի խնդիրն է` քննադատել իշխանությանը»,- galatv.am-ին ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ՀՀԿ-ի բոյկոտի արդյունքում արտահերթ նիստի տապալման մասին հնչած տարաբնույթ քննադատություններին:
Ինչ վերաբերվում է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` մինչ արտահերթ նիստի մեկնարկն արված հայտարարությանը, որտեղ նա ՀՀԿ-ի կողմից նիստի տապալման մասին սպառնալիքն անվանել էր Հանրապետական «իմաստակների լկտի սպառնալիք», Բիշարյանն ասել է, թե տեղյակ չէ այդ հայտարարությունից:
Նաև հավելել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտություններն իր համար նորություն չեն:
«Իհարկե, նորություն չէ: Ինքը ցանկացածին կարող է ամեն ինչ անվանել, եթե ուզենա: Այդ ոճն արդեն ժանգոտված է, անընդունելի է: Այդ ոճը ժողովուրդն արդեն ճանաչում է և այդ խոսելաոճի արդյունքում իրենք հարյուր հազարավոր ձայներ կորցրեցին»,- ասել է Հեղինե Բիշարյանը: