«Մենք որ չլինեիք՝ Վահեն հոսպիտալ էլ չէր հասնի». «Հարսնաքարի գործով» տուժող

«Հարսնաքարի գործով» տուժող Գարիկ Սողոմոնյանին քիչ առաջ դատարանում հարցեր ուղղեց գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Գ. Սողոմոսնյանի խոսքով՝ ինքն Արման Բաղդասարյանին տեսել է մինչ ծեծկռտուքը սկսվելը, բայց հետագայում չի ֆիքսել՝ նա ո՞ր կողմում է եղել, ի՞նչ գործողություններ է կատարել: Ըստ նրա՝ ինքը «կոնկրետ» չի տեսել, որ Արման Բաղդասարյանը հարվածել է իր ընկերներին: Տուժողը չի ֆիքսել նաև՝ ովքեր են իրեն հարվածել: Պաշտպանի հարցին՝ արդյոք Դուք Երկրպահ կամավորական միության անդամ հանդիսացե՞լ եք, կամ ներկայացե՞լ եք որպես այդպիսին, տուժող Գարիկ Սողոմոնյանը պատասխանեց՝ ոչ:

Պատասխանելով Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցին՝ Գարիկ Սողոմոնյանը նշեց, որ մատուցող Դավիթին տեսել է նաև մի քանի օր առաջ՝ նույն համալիրում, և նրա հետ ոչ մի խնդիր չի ունեցել:

Գարիկ Սողոմոնյանը նաև նշեց, որ իրենք չեն պահանջել, որ դեպքի օրը մատուցողը փոխվի: Ի պատասխան պաշտպանի հարցին՝ տուժողն ասաց, որ ընկերներից ոչ ոք մատուցող Դավիթին չի հրավիրել սեղանի շուրջ՝ միասին օղի խմելու: Նա նաև նշեց, թե կողքի սեղաններից իրենց չեն մոտեցել և նկատողություն չեն արել:

Գարիկ Սողոմոնյանը նաև հայտնեց, որ ծեծկռտուքից հետո տարածքում իրենից ու իր ընկերներից բացի՝ ոչ ոք չի եղել: Նրա խոսքով՝ Վահեի ոտքերից բռնել են ինքն ու Արկադին, իսկ Արտակ Բայադյանը՝ գլուխը:

Հարցին՝ ինչպե՞ս են ծեծված վիճակում նրանք Վահե Ավետյանին հասցրել ավտոմեքենա, Գարիկ Սողոմոնյանը պատասխանեց՝ «մի կերպ»: Տուժողը նաև նշեց, որ իրենք պահպանել են բոլոր կանոնները, ու իրենց գործողություններով չեն վատացրել Վահե Ավետյանի վիճակը.  «Մենք որ չլինեիք՝ հոսպիտալ էլ չէր հասնի»:

Ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը ևս մի քանի հարց ուղղեց տուժողին:

«Դուք ինձ հայհոյանք տվե՞լ եք»՝ մատուցողի հարցին ի պատասխան, Գարիկ Սողոմոնյանն ասաց, թե նման բան չի եղել: «Դուք տեղյա՞կ եք, որ Վահեն հայհոյանքներով հաշիվը փակեց»՝ հարցին էլ՝ Գարիկ Սողոմոնյանը պատասխանեց, թե նման բան չի տեսել:

Ի դեպ՝ Դավիթ Ադամյանի՝ «ինչո՞ւ եք ասում, որ ես ավտոկայանատեղում եմ եղել: Ես այնտեղ չեմ եղել», «ինչո՞ւ եք ինձ կանչել, եթե ես Ձեզ ասել էի, որ չէի սպասարկելու» հարցերը դատարանը հանեց՝ թույլ չտալով տուժողին պատասխանել դրանց:

 

Տեսանյութեր

Լրահոս