Ծառուկյանն ի՞նչ անի՝ նաղդը թողած նիսիայի հետևից վազի՞. Ադիբեկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան, թե ինքը նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ իր մեջ արդեն իսկ որոշում կայացրել է, որը սակայն չի բարձրաձայնում, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց, թե դա նշանակում է, որ Գ. Ծառուկյանը դեռևս որոշում չունի:

Ա. Ադիբեկյանը վստահեցրեց, որ իր «աղբյուրներով, ԲՀԿ բոլոր ժողովների ընթացքում պարոն Ծառուկյանն ասում է, որ իր որոշումը դեռ կայացված չէ»: Բայց տարբեր պատգամավորներն, ըստ նրա, այս լռությունը մեկնաբանում են՝ «լռություն-այո կամ լռություն ոչ տեսանկյունից»:

Նա նաև հավելեց. «Պատկերացրեք, որ նախագահը վաղը կանչում է պատգամավոր Ծառուկյանին ու ասում, թե մենք քեզ տալիս ենք վարչապետի պաշտոն ու հինգ հատ նախարարի պորտֆել, բայց մտի կոալիցիա: Հիմա Ծառուկյանն ի՞նչ անի՝ նաղդը թողած՝ նիսիայի հետևից վազի՞: Ես չգիտեմ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի բանակցություններն ի՞նչ մակարդակում կլինեն, կլինե՞ն, թե՞ չեն լինի: Հնարավոր է նաև, որ ՀՀԿ-ն՝ իմանալով, որ հաղթում է ընտրություններում, մերժողական դիրք կընդունի ու չի փորձի կոալիցիան լայնացնել»:

Միաժամանակ Ադիբեկյանը նշեց, թե առաջիկա քաղաքական զարգացումները կախված են Գագիկ Ծառուկյանից, իսկ որոշումները, ինչպես պնդում է սոցիոլոգը, Ծառուկյանն ընդունում է միանձնյա:

 

Տեսանյութեր

Լրահոս