Թող ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի, մենք վարչապետին չենք փոխում. ՀՀԿ-ական պատգամավոր

«Ո՛չ նախագահի, ո՛չ էլ մեր կուսակցության հետ որևէ մեկը կամ ոչ մի կուսակցություն չի կարող վերջնաժամկետներով խոսել»,- անդրադառնալով ԲՀԿ-ի՝ մինչև դեկտեմբերի 2-ը ՀՀ նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը և պատասխանելով galatv.am-ի թղթակցի հարցին, թե ՀՀԿ-ն հնարավոր համարո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ի պահանջների կատարումը, որպեսզի կուսակցությունը սատարի ՀՀԿ թեկնածուին՝ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Մենք միայն մեր ծրագրերով ենք առաջնորդվում: Մեզ որևիցե մեկի վերջնաժամկետը բան չի, մենք գիտենք՝ ինչ ենք անում, և որևիցե մի քաղաքական ուժի վերջնաժամկետը մեզ համար նշանակություն չունի: ՀՀԿ-ն, էն ինչ որ անում է, անում է ինքը իրա մեջ որոշելով, քննարկելով, ոչ թե որևիցե մեկի վերջնաժամկետով»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Հարցին, թե այնուամենայնիվ, ՀՀԿ-ում հնարավոր համարո՞ւմ են, քննարկե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են արդյոք քննարկել վարչապետի փոփոխության հարցը, Ս. Ավետիսյանը պատասխանել է. «Եթե իրենք ուզում են, թող առաջադրեն թեկնածու, ի՞նչ է եղել: Ո´չ քննարկել ենք այդ թեման՝ վարչապետի փոփոխության, ո´չ էլ ՀՀԿ-ում նման խոսակցություն է եղել, առավել ևս հիմա նման խնդիր քննարկելու ժամանակը չէ: Մենք դեկտեմբերի 4-ին կամ 5-ին բյուջե ենք հաստատելու և վարչապետի փոփոխության անհրաժեշտություն այս րոպեին մենք ամենևին էլ չենք տեսնում»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Հավելենք, որ ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկությունների համաձայն,ԲՀԿ-ն արդեն վերջնաժամկետ է նշանակել, և կա ներքին պայմանավորվածություն, որի մասին տեղյակ են նաև ԲՀԿ-ի տարածքային գրասենյակների ներկայացուցիչները: Եթե մինչև նշված ժամկետը՝ դեկտեմբերի 2-ը, Սերժ Սարգսյանը չբավարարի ԲՀԿ պահանջը՝ այն է՝ պաշտոնանկ անել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, այդ կուսակցությունը կհայտարարի, որ առաջադրում է սեփական թեկանածուին:

Տեսանյութեր

Լրահոս