
ՍԴ-ն քննության կառնի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի դիմումի հիման վրա գործը

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը:
Ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ինչպես նշված է անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ ՍԴ-ի դատական կազմի սեպտեմբերի 3-ի որոշման մեջ, Տիգրան Առաքելյանն օգոստոսի 14-ին դիմել է ՍԴ` խնդրելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել դատարանի կողմից կիրառվող սանկցիաներին վերաբերող վերոհիշյալ դրույթներն «այնքանով, որքանով որ վկայակոչված բոլոր նորմերը վերաբերում են ամբաստանյալին` իր գործի քննության ժամանակ դատական նիստերից հեռացնելու միջոցով պատասխանատվության ենթարկելուն»:
Վիճարկվող դրույթներով, մասնավորապես, սահմանվում է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա: Նաև` «քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը»:
Դիմողի կարծիքով, վիճարկվող դրույթներն ուղղակիորեն հակասության մեջ են արդարադատության բոլոր պահանջների պահպանմամբ իր գործի քննության իրավունքի հետ: Նա գտնում է, որ վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել արդարադատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության նպատակի հետ:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է վերոհիշյալ օրենսգրքերն ընդունած Ազգային ժողովը: