«Հարսնաքարի գործով» մեղադրյալը հարցեր ունի տուժողին, բայց ցանկանում է դրանք հնչեցնել վերջում
«Հարսնաքարի գործով» դատական նիստը վերսկսվեց: Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանն այժմ հարցեր է ուղղում տուժող Գարիկ Սողոմոնյանին, ում հարցաքննությունը նախորդ դատական նիստի ընթացքում կիսատ էր մնացել:
Ավագ Լալայանի հարցերին պատասխանելով՝ տուժող Գարիկ Սողոմոնյանը նշեց, որ դեպքից մի քանի օր առաջ «Հարսանքար» ռեստորանային համալիրում հաճելի ժամանակ է անցկացրել, և ոչ մի վիճաբանություն կամ տհաճ իրավիճակ չի եղել:
Հարցին, թե հնարավո՞ր է Վահե Ավետյանի ու Դիանա Նավոյանի նստած դիքերից կողքի սեղանակիցները զայրացած լինեին, տուժողը պատասխանեց.
«Բնական է, որ Դիանան և Վահեն բազմոցի վրա նստած վիճակում չէին կարող մյուս սեղաններին նստածների զայրույթը առաջացնել»:
Գարիկ Սողոմոնյանը նշեց, որ դեպքի օրը ռեստորանային համալիրում շատ մարդիկ են եղել: Մինչ ավտոկայանատեղի հասնելը, ըստ նրա, ինքը զրուցել է Նորայի Հայրապետյանի հետ, և մինչ այդ իրենց ոչ ոք չի շրջապատել: Իր համար անակնկալ է եղել, որ ծեծկռտուք է սկսվել:
Գարիկ Սողոմոնյանը նաև նշեց, որ մեղադրյալ Արման Խաչատրյանին տեսել է մուտքի մոտ կանգնած: Նրան տեսել է նաև ավտոկայանատեղիում կանգնած: «Կոնկրետ չեմ ֆիքսել՝ ում է հարվածել Արման Խաչատրյանը, բայց ով կար այնտեղ, խառը հարվածում էին: Ես չեմ հիշում, որ Արման Խաչատրյանը որևէ մեկին հարվածի»,- ասաց տուժողը:
«Արդյոք նախաքննության և դատաքննության ընթացքում ձեր ցուցմունքները պայմանավորվա՞ծ են վրեժխնդրությամբ»՝ պաշտպանի հարցը մնաց անպատասխան, քանի որ դատավորը հանեց հարցը:
Մեղադրյալ Արման Խաչատրյանը նշեց, որ ինքը հարցեր ունի Գարիկ Սողոմոնյանին, սակայն ցանկանում է դրանք հնչեցնել պաշտպաններից հետո: Այժմ հայտատարվել է 5 րոպե ընդմիջում, որից հետո կշարունակվի տուժողի հարցաքննությունը: