Սամսոն Ղազարյանը ամբողջությամբ հերքում է մեղադրանքը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված վաշխառության և խարդախության մեղադրանքը:
Ըստ ամբաստանյալի, նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին պարտքով տրված 120 հազար դոլար գումարից վերջինս ցայսօր չի վերադարձրել 59 հազարը: Նա ընդգծեց, որ պարտքի դիմաց տոկոսի մասին խոսք չի եղել՝ դրանք եղել են ամսավճար փոխհատուցման գումարներ: Ս. Ղազարյանը հայտնեց նաև, որ դոլար-դրամ փոխարժեքի տատանման հետևանքով ինքն ունեցել է 10 հազար դոլարի կորուստ, այդ մասին խոսակցություն եղել է, սակայն ինքը չի պահանջել այդ գումարը:
Ս. Ղազարյանը նշել է, որ սկզբնապես վստահ է եղել, որ Մ. Գաբրիելյանը պարզապես չի կարողանում վերադարձնել գումարը, սակայն ԴԱՀԿ տեղեկանքից պարզել է, որ գումարի մի մասը Մ. Գաբրիելյանը ներդրել է որպես իր ընկերության կանոնադրական կապիտալ՝ 6 մլն 400 հազար դրամի չափով: Վերջինս հերքել է այդ պնդումը՝ նշելով, որ ընկերության առուվաճառքի պայմանագրում այդպես նշված է, սակայն ըստ պայմանավորվածության, ինքը հետագայում պետք է վճարեր այդ գումարը:
Ամբաստանյալի ցուցմունքը տեղ-տեղ վերաճում էր պաշտպանական ճառի: Նա անդրադարձ է կատարել իր դեմ տված վկաների ցուցմունքներին՝ դրանց մի մասը որակելով որպես «սուտ վկայություն» կամ «ուղղորդված» ցուցմունքներ: Իսկ նախաքննական մարմնի՝ իր նկատմամբ վերաբերմունքը ամբաստանյալը գնահատել է որպես կողմնակալ:
Նախագահող դատավորի այն հարցին, թե արդյո՞ք նախաքննական մարմնի կողմից իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում եղել է, ամբաստանյալը պատասխանել է, որ այդպիսիք չեն եղել: Նա հավելել է, որ նախաքննական ցուցմունքները հիմնականում ճիշտ են, սակայն «կարող է ինչ-որ բան շփոթել է»:
Դեկտեմբերի 13-ի դատական նիստում Ս. Ղազարյանի հարցաքննությունը կշարունակվի: