
ՀՀ շաքարի գործարանի հումքը ամբողջությամբ ներկրվում է

Շաքարի գործարանի տնօրինութունը նպատակահարմար է գտնում շաքարի հումք ներմուծել դրսից, քան զարկ տալ տեղի արտադրությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Արդյունավետ արտադրության կազմակերպման դեպքում հնարավոր է հումքի մթերում կազմակերպել: Ցանկացած բիզնեսմենի համար գինն ու որակն է կարևոր, ոչ թե այն, թե որտեղ է հումքն արտադրված»,- ասաց Ռ. Մակարյանը:
Հարցին՝ արդյոք տեղի արտադրո՞ղն է վատ հումք արտադրում և նա՞ է մեղավոր, որ իր արտադրանքը չեն ընդունում, փոխնախարարը չպատասխանեց՝ ասելով, որ նա մեղավորներ չի փնտրում:
Նշենք, որ վերջին տարիների ընթացքում հանրապետության երբեմնի խոշոր վերամշակող ձեռնարկության՝ շաքարի գործարանի աշխատակազմը, մի քանի հարյուր աշխատողից կրճատվել է՝ հասնելով 100 աշխատողի: Հարցին, թե հանրավո՞ր է՝ շաքարավազը, որպես պատրաստի հումք, ներկրվի, իսկ Հայաստանի շաքարի գործարանում աշխատող 100 աշխատակիցներն ուղղակի փաթեթավորեն այդ հումքը, Ռոբերտ Մակարյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե նման բան չի կարող լինել: