Խորհրդարանական համակարգին անցնելու հարցով «կուտ տվեցին», և բոլորն ընդունեցին այդ «կուտը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նշեց, որ «այս ամբողջը նման է մի փոթորիկի, որն ընդամենը բաժակի մեջ է», քանի որ, ըստ նրա, բոլորը շատ լավ հասկանում են, որ նախագահական ընտրություններում առանձնահատուկ պայքար չի սպասվում:
«Կա մի հարց, որի մասին այժմ բոլորը խոսում են, և որն արհեստականորեն ներքաշել է հատկապես լրատվական դաշտը, թե արդյոք լավ կլինի նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում: Այս հարցով «կուտ տվեցին», և բոլորն ընդունեցին այդ «կուտը»: Հիմա քննարկում են այն, ինչն անիմաստ է, որովհետև եթե այս համակարգը մնում է և չի փոխում իր էությունը, որ կառավարման համակարնգ ուզում եք մտցրեք»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը կարծում է, որ պետք է առաջ քաշել գլխավոր խնդիրները` արտագաղթը, ստվերային տնտեսությունը, մենաշնորհը, օլիգարխիան և կոռուպցիան, այսինքն` սոցիալական բևեռացումը, և եթե չեն լուծվում այս խնդիրները, կառավարման համակարգի փոփոխությունը որևէ արդյունք չի կարող տալ. «այդ ժամանակ վարչապետը կդառնա սրանց գլխավոր մարդը»: ՀԴԿ նախագահը խոսեց նաև արտագաղթի խնդրի մասին, որն, ըստ նրա, այն աստիճանի է հասել, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է ամայանալ ընդամենը 20 տարվա ընթացքում:
«Դրա համար պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այն հարցի վրա, թե ինչպե՞ս ստիպենք այս իշխանություններին կատարել գոնե նվազագույնը, մինչև տեսնենք, թե երբ է սրանց դարաշրջանն ավարտվելու: Երեք նախագահների դարաշրջանը պետք է ավարտվի, և մենք պետք է նոր փուլ մտնենք»,- ասաց ՀԴԿ նախագահ Ա.Սարգսյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ մի փոքր համաձայն չէ պարոն Սարգսյանի հետ այն առումով, որ նախագահական ընտրություններում պայքար չի սպասվում, բայց ամբողջովին կիսում է նրա մտավախությունները` կապված երկրի առջև ծառացած խնդիրների հետ: «Համակարգն, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն ունի, որովհետև Հայաստանի իրականության պայմաններում նախագահական կամ կիսանախագահական համակարգը մեզ մոտ մեկ անձին անսահմանափակ հնարավորություններ են ընձեռում»,- ասաց ժառանգական Արմ. Մարտիրոսյանը: