Հանրահայտ «Չայկան» հետ վերցրեցին Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից (տեսանյութ)
Այսօր Գյումրու նորընտիր ավագանու հրավիրած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվեց նաև հանրահայտ «Չայկայի» հարցը, որը «Գագեմա» ՍՊԸ-ն գնահատել էր ընդամենը 100 հազար դրամ, ու նախորդ ավագանին հենց այդ նույն գնով, Վարդան Ղուկասյանի հրաժարականից երկու ամիս առաջ` օգոստոսի 1-ին օտարել էր նրա ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին:
Այսօրվա ավագանու նիստում քննարկման դրվեց «Չայկան» օտարելու մասին նախորդ ավագանու որոշումը չեղյալ հայտարարելու հարցը, որը ընդունվեց 14 կողմ ու 7 ձեռնպահ ձայներով:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը զեկուցողից` Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանից, ով երկար տարիներ պաշտոնավարել է նաև Վարդան Ղուկասյանի օրոք, հետաքրքրվեց` գիտի՞ ում է պատկանում «Գագեմա» ՍՊԸ-ն, որը և 100 հազար դրամ է գնահատել այդ թանկարժեք մեքենան:
Մինչ այդ Գյումրում լուրեր էին պտտվում այն մասին, որ այդ ՍՊԸ-ն Վարդան Ղուկասյանի տեղակալ Գագիկ Մանուկյանի ընտանիքին է պատկանում, հենց նրանց անվատառերով էլ ՍՊԸ-ն հիմնված է: Հրայր Կարապետյանը, փոքր-ինչ կաշկանդվելով, համենայնդեպս ասաց, որ այո, ճիշտ են տեղեկությունները. այն պատկանում է Գագիկ Մանուկյանի որդիներից մեկին, բայց թե որ մեկին, անուններ չուզեց տալ: Քաղաքաշինության բաժնի պետը նաև ասաց, որ ակնհայտ սխալ է գնահատվել այդ ավտոմեքենան, և որ փորձագիտական կենտրոնը այժմ այն գնահատել է 4 միլիոն 940 հազար դրամ: Այդ պատճառով էլ որոշել են բեկանել նախորդ ավագանու որոշումը ու վերադարձնել համայնքին:
Այստեղ միջամտեց Սամվել Բալասանյանը`այսպիսի բոցաշունչ ելույթ ունենալով. «Էստեղ մի կարևոր խնդիր կա, «Չայկան» տարել են, հանել են ամեն ինչ, որ ասենք նորից փչեն, նորից ներկեն և այլն, և այլն: Հիմա, ճիշտն ասած, հանված մեքենայի մասերը ոնց որ թե չկան,պետք է հետ բերել էդ մասերը, պարոն Կարապետյան, բեկանելուց հետո անպայման պետք է հետևողական լինել, որպեսզի վերջը պատմություն ունեցող «Չայկա»է, «Չայկեն» դարձավ գլխներիս յեսիմ ինչ, համենայնդեպես, 100 հազար դրամով են օտարում, անհարմար է էլի, երբ որ սովորական փորձագետները 5 միլիոն գումար գնահատեցին: Անպայման պետք է կասեցնենք»:
Գյումրու նորընտիր ավագանին էլ ձայների մեծամասնությամբ որոշեց Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից վերցնել «Չայկան»:
Տեսանյութը՝ galatv.am