Հայի և ադրբեջանցու «համագործակցություն» Մոսկվայում

Ծնունդով Ադրբեջանից 27-ամյա Իմանովի և ծնունդով Հայաստանից 30-ամյա Պետրոսյանի նկատմամբ Մոսկվայում քրեական գործ է հարուցվել զինված կողոպուտի հատկանիշներով։ Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ` ոստիկանները նրանց «տաք հետքերով» ձերբակալել են  երեկ երեկոյան։

Ինչպես թերթին փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունից, չարամիտները հարձակվել են գործարար, ռեստորանների ցանցի «Ամիտել» ընկերության տնօրենի վրա, ով վարորդի հետ Range Rover ավտոմեքենայով անցնում էր Նիժնիե Պոլյա փողոցով, ծակել են մեքենայի անվադողերը, տրավմատիկ ատրճանակով կրակել պատուհանների վրա և մեքենայի սրահից հափշտակել պայուսակը, որում գործարարը տեղափոխում էր 16 միլիոն 875 ռուբլի (մոտ 545 հազար դոլար)։ Այնուհետև նրանք փորձել են առանց պետհամարանիշների Audi A6 ավտոմեքենայով փախուստի դիմել, տուժողները հետապնդել են, ինչի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային փոքր պատահարն էլ գրավել է իրավապահների ուշադրությունը։Ըստ ոստիկանության, հանցագործները Audi-ում չորսն են եղել, որոնցից երկուսին հաջողվել է փախչել, նրանց հայտնաբերելու նպատակով հետախուզում է հայտարարվել։ Հափշտակված գումարը եղել է ձերբակալվածների մոտ։

Իրավապահները պարզել են, որ հանցախումբը վաղուց է Մոսկվայում զբաղվել ավազակային հարձակումներով, իսկ Պետրոսյանը գտնվում էր հետախուզման մեջ` անցած տարի կատարված մի սպանության գործով։

Տեսանյութեր

Լրահոս