
Armtech կոնգրեսը ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներին կհավաքի Սիլիկոնային հովտում

«Արմթեք Կոնգրես 2012» բարձր տեխնոլոգիական համաժողովն այս տարի տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 10-11-ը Սիլիկոնային հովտի սրտում՝ Սթենֆորդի համալսարանի տարածքում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Համաժողովին, որը նվիրվելու է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրներին, կմասնակցեն մոտ 50 հայկական ընկերություններ: Ներկա են լինելու նաև հայտնի ընկերությունների ղեկավարներ՝ IBM, Intel, Microsoft, National Instruments, D-Link: Ըստ Տ. Դավթյանի՝ համաժողովը կունենա գործնական արդյունքներ, ամենայն հավանականությամբ՝ համաժողովին կհաջողի մի քանի համաձայնագրերի ստորագրում ՏՏ առաջատար ընկերությունների հետ՝ Հայաստանի ծրագրավորման և արտադրության ոլորտում ներդրումներին ուղղված:
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչների թվում են նաև «Synopsis Արմենիա» ընկերությունն ու «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերությունը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: