Խառատյանն ընդդեմ Հայրապետյանի երկրորդ նախնական դատական նիստը հետաձգվեց
Առաջին նախնական դատական նիստը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին, հետաձգվել էր դիմող Հրանուշ Խառատյանի միջնորդությամբ: Մասնավորապես նա կասկածի տակ էր դրել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկության հարցը և միջնորդել դատարանին ստուգել այն:
Հրանուշ Խառատյանի փաստաբան Մհեր Արշակյանը հայտարարել էր, որ ինքը ևս կասկածում է Ռ. Հայրապետյանի ստորագրության իսկությանը և միջնորդել էր դատարանին Հայրապետյանի կանչել դատարան՝ հաստատելու ստորագրությունը կամ այն ներկայացնելու նոտարական վավերացմամբ:
Միջնորդությունը կես ժամ խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո դատավոր Արսեն Բաբայանը բավարարել էր այն և դատական նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 22-ը:
Այսօրվա նիստի սկզբում Ռ. Հայրապետյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց Ռ. Հայրապետյանի կողմից տրված լիազորագիրը՝ ստորագրված իր կողմից, որի իսկությունը վավերացված էր Էրեբունու տարածքային նոտարական գրասենյակի կողմից:
Բացի այդ, պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որ Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները դադարեցվեն, քանի որ համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ այն դիտվում է որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, որը կարող է իրականացնել միայն փաստաբանը:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ Մհեր Արշակյանը փաստաբան չէ, ուստի դատարանին միջնորդություն ներկայացրեց անվավեր ճանաչել վերջինիս լիազորությունները:
Դատավոր Արսեն Բաբայանը դատարանի դիրքորոշումը ներկայացնելու համար նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 6-ը:
Հիշեցնենք, որ «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջով դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վեճը ծագել էր Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված աղմկահարույց հարցազրույցի պատճառով: