Ընդվզում՝ Հրայր Թովմասյանի դեմ
168.am-ը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել դատապարտյալ Հայկ Գալստյանից, որում ասված է.
«Հրազդան ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանս դիմում եմ և խնդրում լրագրողական կազմին, բացի «Շանթ» հեռուստատեսությունից (քանի որ վերջիններս աղավաղում են իրականությունը, նախարարի ցուցումով կարճ ցուցադրելով ամբողջական հարցազրույցը), այցելել ինձ:
20.11.2012-ին, այսպես կոչված, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:
Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով՝ միաժամանակ հայտարարելով հացադուլ և կարելով աչքերս:
Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել նախագահի հրահանգը: Սակայն որ տեսանկյունով նայում եմ՝ ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը:
Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին:
Ավելին, 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:
Վիրավորված եմ ինձ զգում նաև այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, և մեծ հաշվով մենք և մեր խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին:
Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար:
Այսպիսով, 21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար):
Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն՝ հալալա ձեզ:
Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔԿՀ-ում:
Ընդմիշտ ձեր,
դատապարտյալ Հայկ Գալստյան
դատապարտյալ Հայկ Գալստյան
Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ՝ անկախ հետևանքներից իմ առողջության համար:
Դատապարտյալ Հայկ Գալստյանը խնդրում է բոլոր լրատվամիջոցներին տարածել իր ուղերձը նախարարին»: