
Միջնորդները դեռ չեն մանրամասնում «նոր գաղափարները»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը փոխանցել է, որ Ղարաբաղի նախագահի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև խոսել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հայրենիքում նրա փաստացի հերոսացման դեպքից. միջնորդները այդ հարցի առնչությամբ կարծիք չհայտնեցին, ոչ էլ նոր բան ասացին, բոլոր հարցերին պատասխանեցին՝ բացառապես հղում անելով նախկինում արված հայտարարություններին:
Ստեփանակերտի օդանավակայանի մասին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում այդ խնդրի լուծումը, Պոպովը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջև. և միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։
Իսկ հարցին` չէի՞ն ցանկանա իրենք լինել առաջին ուղևորները, ռուսաստանցի միջնորդը արձագանքել է կատակով. «Դեռ ոչ, օդանավը դեռ չի ժամանել»:
Համանախագահները ուրբաթ օրը Երևանում և երկուշաբթի օրը Բաքվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կքննարկեն և կլսեն նրանց կարծիքները արտգործնախարարների փարիզյան հանդիպումից հետո հնչեցված նոր գաղափարների շուրջ: Իսկ թե դրանք ինչ գաղափարներ են` միջնորդները որոշեցին փակագծեր չբացել: