Բաժիններ՝

Նա հնչում էր դուդուկի նման…

Ֆլորա Մարտիրոսյանի անսպասելի մահը ցնցեց բոլորին։ Աշխարհահռչակ երաժիշտ, կոմոպոզիտոր Պիտեր Գաբրիելը Երևանում լսելով երգչուհու ելույթը մեծ տպավորություն էր ստացել և խնդրել իր ընկերոջը` հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանին, իրեն ուղակել Ֆլորայի երգերը։

«Պիտեր Գաբրիելը շատ տպավորված էր նրա ելույթից և նրա յուրահատուկ ձայնից»,- այս մասին «168 Ժամին» պատմեց Գարիկ Իսրաելյանը, ով Պիտեր Գաբրիելի խոսքերը փոխանցել էր երգչուհուն։

Աշխարհահռչակ երաժիշտ, մենակատար Պեդրո Էուստաչեն ցնցված էր երգչուհու մահվան մասին լուրից։ «Մեծագույն արվեստագետների թվում, որոնց հետ ես երբևէ նվագել եմ, երգչուհի, արվեստագետ և երգի Դիցուհի Ֆլորա Մարտիրոսյանն առանձնանում է որպես հուշարձան: Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը` եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։ Խորապես կապված լինելով իր արմատներին` հազարամյա հայկական ավանդույթներին, նրա ձայնը միևնույն ժամանակ ուներ տիեզերական ռեզոնանս, որ ազդում էր ամբողջ աշխարհի վրա…

Նա հնչում էր դուդուկի նման` իր բոլոր նրբերանգներով, արտահայտչականությամբ, որ միայն իր հանճարը կարող էր փոխանցել։ Դա տեխնիկայի սահմաններից դուրս էր։ Որքան խորը, նույնքան էլ խորհրդավոր, բայց աներևակայելի ներթափանցող և ուղիղ: Ես երբեք չէի լսել նրա ձայնի նման ձայն, և ես գիտեմ, որ կլսեմ միայն հավերժության մյուս կողմում։ Մեծ, ֆանտաստիկ, արտասովոր, աստվածային Դիցուհի, Ֆլորա ջան: Մենք քո կարիքը հաստատ շատ ենք զգում»,- երեկ «168 Ժամի» հետ զրույցում ասաց երաժիշտ Պեդրո Էուստաչեն, ով բազմիցս և՛ արտերկրում, և՛ Հայաստանում հանդես է եկել Ֆլորա Մարտիրոսյանի հետ։ Պեդրոն իր սիրելի Ֆլորային դիմում էր` «Flora, jan»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս