Բաժիններ՝

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը պետք է սովորի` ինչպես նոութբուք օգտագործել

Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում:

Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը և հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները պատին ամրացված մեծ էկրանի վրա: Սակայն սարսափով նկատեց, որ էկրանի վրա սառած մասնակի մի պատկեր է երևում: Հյուպատոսի օգնականներն ու Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը նետվեցին բեմ և սկսեցին սեղմել նոութբուքի վրայի բոլոր հնարավոր կոճակները, քանի որ հյուրերն անհամբեր սպասում էին: Սակայն նրանց փորձերը մնացին ապարդյուն. պարոն Աղաևը ոչ միայն չկարողացավ ցուցադրել իր հայրենի երկիրը, այլև չկարողացավ անգամ ներկայացնել իր ելույթը, քանի որ տեքստը արգելափակվել էր նրա «անհնազանդ» նոութբուքում:

Հուսահատված ադրբեջանցի դիվանագետն սկսեց խոսել հանպատրաստից՝ դուրս քաշելով գրպանից թղթի մի կտոր, որի վրա մի քանի նշումներ էր խզբզել: Այսպիսին էր երեկոյի անհաջող սկիզբը, որը նախատեսված էր Ադրբեջանի տպավորիչ առաջընթացը ցուցադրելու և լսարանին բարձր տեխնոլոգիաների սարքերով շլացնելու համար:

Գլխավոր հյուպատոսը ողջ դասախոսության ընթացքում շատ հուզված էր երևում: Հավանաբար, նրա համար անսովոր էր ելույթ ունենալ նման վեհաժողովում կամ նյարդայնացել էր, որովհետև «դահլիճում ներկա էին հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ», այդ թվում՝ ես և մի խումբ հայեր:

Պարոն Աղաևը մանրամասն խոսեց Հայաստանի կողմից իր երկրի տարածքի մի հատվածի «բռնագրավման» մասին՝ նկատի ունենալով Արցախի ազատագրումը: Այս հակամարտությունն անվանելով «Ադրբեջանի գերագույն խնդիր», նա ցավով նշեց, որ «մեկ միլիոն ադրբեջանցիներ այսօր դարձել են փախստականներ»: Այնուամենայնիվ, նա չկարողացավ բացատրել, թե միլիարդավոր նավթադոլարների եկամուտ ունեցող կառավարությունը ինչու է թույլ տվել, որ իր այդքան մեծ թվով քաղաքացիներն ավելի քան 20 տարի ապրեն ծայրահեղ չքավորության մեջ:

Գլխավոր հյուպատոսն ընդօրինակելով թուրքական վարչակարգին, լուրջ սխալ թույլ տվեց՝ Հայոց ցեղասպանությունը անվանելով որպես «այսպես կոչված ցեղասպանություն»: Արժե՞ արդյոք ադրբեջանցի պաշտոնյաներին ժխտել Հայոց ցեղասպանությունը և վիրավորել հայերին, երբ նրանք արդեն անելանելի վիճակում են արցախյան հարցում: Ինչո՞ւ են Ադրբեջանի ղեկավարներն ուզում բարդացնել իրենց գործը՝ կապվելով Թուրքիայի ժխտողականության հետ և ավելի թշնամացնելով հայերին՝ քիչ հավանական դարձնելով նրանց հետ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորությունը:

Պարոն Աղաևն իր ելույթում բոլորովին անտեսելով Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը, Ադրբեջանը կեղծորեն ներկայացրեց որպես «կրոնական և ազգային հանդուրժողականության» երկիր: Նա շարունակեց պատմությունը նենգափոխել՝ մոռանալով հայերի ջարդերը Բաքվում և Սումգայիթում, և պնդեց, որ հայերը լիարժեք ազատություն են ունեցել Խորհրդային Ադրբեջանում: Նա նաև մահմեդական Ադրբեջանը ներկայացրեց որպես «քրիստոնեություն ընդունած հնագույն պետություներից մեկը, 313 մ.թ.»:

Լսարանում մի քանիսի կողմից նախապես պայմանավորված որոշ հարցերից հետո, թե ինչ «հանդուրժողական» է Ադրբեջանը «լեռնային հրեաների» հանդեպ և ինչ լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը զգուշորեն խուսափեց թույլ տալու ինձ հարցում անել: Բարեբախտաբար, երկու այլ հայերի՝ Հայ երիտասարդական միության նախագահ Արութին Հարությունյանին և Հայ իրավաբանական միության նախագահ Կարո Ղազարյանին հարցեր տալու հնարավորություն ընձեռնվեց: Երկուսն էլ բարձրացրին ադրբեջանցի կացնահարող զինվոր Ռամիլ Սաֆարովի հարցը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանել էր քնած հայ սպային: Հունգարիայի կառավարության կողմից Սաֆարովին բանտից վաղաժամկետ ազատելուց և Ադրբեջանին արտահանձնելուց հետո, նախագահ Ալիևը ներում շնորհեց և փառաբանեց կացնահարող մարդասպանին: Ադրբեջանցի գլխավոր հյուպատոսը ապուշորեն հակադրվելով իր նախագահին հայտարարեց, որ Ադրբեջանր «չի արդարացնում» Սաֆարովի ոճրագործությունը:

Միջազգային հարաբերությունների խորհրդում պարոն Աղաևի հայտնվելը մի քանի մտահոգիչ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ է Խորհուրդը նման անսովոր քայլի գնացել՝ հրավիրելով ցածր պաշտոնով մի գլխավոր հյուպատոսի, որպեսզի ներկայացնի «հակոտնյա տեսակետ» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` միևնույն վայրում սեպտեմբերի 24-ի ելույթին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչո՞վ է խթանել Միջազգային հարաբերությունների խորհրդին` կրտսեր դիվանագետի ելույթն ապահովելու համար, որը հավանաբար գցելու է հեղինակավոր կազմակերպության վարկը:

Օրեր անց, երբ Ադրբեջանի հյուպատոսության կայքէջում տեղադրվեց պարոն Աղաևի ելույթը` նոութբուքի հետ կապված խափանումները խնամքով հանվել էին խստորեն խմբագրված տեսանյութից: 48 րոպե տևողությամբ ճառը և հարց ու պատասխանի ժամանակահատվածը կրճատվել էին մինչև 15 րոպե:

Գլխավոր հյուպատոսի՝ նոութբուքի հետ կապված միջադեպը բնորոշ է Ադրբեջանի շատ ավելի մեծ խնդիրներին: Երկրի ղեկավարները միլիարդավոր դոլարներ են ծախսել մեծ քանակությամբ առաջավոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն, եթե նրանք չգիտեն որ կոճակը սեղմել, ապա նորագույն զենքերը կլինեն նույնքան անօգուտ, ինչքան պարոն Աղաևի նոութբուքը:

 

Նախագահ Ալիևը սփյուռքահայերին Ադրբեջանի «գլխավոր թշնամի» որակելու փոխարեն, ավելի շատ պետք է մտահոգվի իր դիվանագետներով, որոնք չեն կարողանում անգամ նոութբուք օգտագործել: Անճարակ պաշտոնյաներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, քան հայկական «թշնամին»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս