Միասնական թեկնածուի հարցը կքննարկվի քաղաքական ուժերի միավորումից հետո. ՀՅԴ
ՀՅԴ-«Ազատ դեմակրատներ» հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Երկուստեք կարևորվել է, որ սկզբնավորված գործընթացները քաղաքական շրջանակում մնան և կառուցողական դաշտ բերվեն: Այս առումով, նախագահական ընտրություններին ընդառաջ, կարևորվել է միասնական քաղաքական պլատֆորմ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասաց Ա. Համբարձումյանը:
Մեր հարցին, թե միասնական քաղաքական պլատֆորմ ասելով նկատի ունեք նաև միասնական թեկնածո՞ւի հարցը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք քանիցս ասել ենք, որ այս փուլում, մինչ պաշտոնական առաջադրումները, կարևորում ենք՝ միասնական քաղաքական պլատֆորմի շուրջ ուժերի միավորումը: Եթե այս միավորումը հաջողվի ձևավորել, միայն սրանից հետո կարելի է քննարկել թեկնածուի խնդիր: Բայց հիմա նպատակահամար չենք համարում քննարկել թեկնածուի հարցը, որովհետև կարծում ենք, որ թեկնածուի հարցը առաջ բերելու պարագայում քաղաքական կոնսոլիդացիայի հնարավորությունն իսպառ կվերացնենք»:
Արսեն Համբարձումյանի խոսքով, ՀՅԴ-ի և «Ազատ դեմոկրատների» միջև ընդհանրությունները քաղաքական հարցերի հետ կապված շատ են եղել, ուստի երկու կողմերն էլ նշել են, որ քաղաքական կայացած կոնսուլտացիան լավ հիմք է՝ հետագա համագործակցության համար:
Նշենք, որ միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատներից»` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 22-ին նախատեսված է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության հետ: