Բաժիններ՝

Փաստաբանի մահվան պատճառը գլխուղեղի ֆունկցիայի խանգարումն է

Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան պատճառը գլխուղեղի ֆունկցիայի խանգարումն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի  գործադրումն է:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 18-ին ժամը 22:45-ին Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի դին բռնության հետքերով:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին և իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը և Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի և ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ և գիտակցության չգալով` մահացել է:

Փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն:

2012թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս