«Իրենք թքած ունեն ցանկացած քաղաքական ուժի ցանկացած քաղաքական պահանջի վրա»

Այս պահին ԱԺ շենքի դարպասերի մոտ շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների ակցիան, որը կազակերպվել է՝ աջակցություն հայտնելու այն քաղաքական ուժերին, որոնք կազմակերպել են ԱԺ արտահերթ նիստը:

«Մեր պահանջն է իշխող կուսակցությունից՝ անհապաղ իրականացնել բոլոր այն փոփոխությունները, որոնք ներկայացվել են արտահերթ նիստի օրակարգում»,- նշեց ՀԱԿ ակտիվիստներից Արեգ Գևորգյանը, ում խոսքով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները կիրառեցին իրենց հերթական գործելաոճը՝ ուղղակի փախնելով:

«Իշխանափոխություն է պետք, իսկ թե ժողովորդն ում կընտրի՝ թող ինքն էլ որոշի: Վերջ, ով կլինի նախագահը, թող ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե փողով, ահուդողով, միլիցիաներով, խարդախությամբ ընտրեն, թող մաքուր ընտրոթյուններ լինեն»,- ասաց ՀԱԿ ակտիվիստներից մեկը: Ակցիայի մասնակիցներին տապալված արտահերթ նիստի մասին որոշակի տեղեկություններ փոխանցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Հանրապետական կուսակցությունը վախեցավ, չեկավ բաց քննարկումների, չեկավ արգումենտավորելու, բացատրելու իր մերժումը, իր հակափաստարկները չբերեց»,- ասաց Ա. Մանուկյանը:

Նրա խոսքով՝ երեկ իրենք մի քանի կոմպրոմիսային առաջարկություններ են արել՝ ելնելով քննարկումների շահերից: «Եթե մի քիչ խելք ունենային, մի քիչ դիվանագիտական մոտեցում ունենային, ապա բաց պետք է թողնեին՝ ով կուզեր գալ, ով կուզեր՝ չգալ: Արդյունքում քվեարկությամբ կարող էին ոչնչացնել ցանկացած առաջարկ: Իրենք այդ տարբերակին էլ չգնացին, գնացին կոշտ տարբերակին՝ ապացուցեով ամբողջ հանրությանը, քաղաքական ուժերին, միջազգային կառույցներին, որ իրենք թքած ունեն ցանկացած քաղաքական ուժի ցանկացած քաղաքական պահանջի վրա»,-ասաց Ա. Մանուկյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս