Օսկանյանին մեկ սփոփանք է մնում. շարունակել փորձել փչացնել Գ. Ծառուկյանի հարաբերությունները ՀՀ նախագահի հետ. Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձություններին: Նախարարը մասնավորապես գրել է.
«Վ. Օսկանյանը սկսում է և պարտվում: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ չընդգրկվելով կառավարության կազմում, նախկին արտգործնախարարը նոր խաղ սկսեց, որի հեռահար նպատակը ՀՀ նախագահի աթոռն էր: Խաղ, որի վրա գործադրվեցին հսկայական ջանքեր, ծախսվեցին ահռելի միջոցներ: Սակայն հիմա արդեն պարզ է, որ այս խաղը տանուլ է տված:
Եթե անգամ ԲՀԿ-ն առաջադրի իր սեփական թեկանածուին, Վ. Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դա չի լինելու հենց ինքը՝ Վարդան Օսկանյանը:
Նա պարտվեց բուն «մրցությանը»՝ չհասնելով հենց ներկուսակցական «որակավորման» փուլում: Այդ հայտարարությունը նաև «դեմքը փրկելու» քայլ էր՝ բարգավաճական փրայմերիզում Գ. Ծառուկյանի հաղթանակով ուրախանալու և մրցակցին շնորհավորելու իր արհեստականությամբ անհաջող փորձ:
Հ.Գ. Վ. Օսկանյանին մեկ սփոփանք է մնում. շարունակել փորձել փչացնել Գ. Ծառուկյանի հարաբերությունները ՀՀ նախագահի հետ»: