Քաղաքական մեծամասնությունն իրենց երաժշտության տակ չպետք է պարի. Շարմազանով

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե այսօր արահերթ նիստի չկայանալը Հանրապետականների կողմից հակասահմանադրական քայլ էր,  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց. «Չի կարելի այդ կերպ արտահայտվել մեր երկրի գլխավոր օրենքի և սահմանադրության մասին: Հակասահմանադրական համարելը ծիծաղելի է ուղղակի: Իրականությունից հեռու, անհեթեթ և ծիծաղելի արտահայտություն է: Սա քաղաքական մարմին է: Ընդդիմությունն ու այլընտրանքն իրականացնում են քաղաքական պայքար և առաջարկում իրենց քաղաքական օրակարգը:

Իշխանությունն այդ հնարքին պատասխանում է մեկ այլ քաղաքական որոշումով, և այստեղ խոսել հակասահմանադրական քայլերից, էթիկայի կանոնների խախտումից, ուղղակի ծիծաղելի է: Առաջին անգամը չէ, որ խորհրդարանում քվորում չի լինում: Ի վերջո,  յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր կամարտահայտությունը տնօրինել, և յուրաքանչյուր պատգամավոր, ինչպես նաև քաղաքական խմբակցություն, ինքն է որոշում: Սա բացառապես քաղաքական խնդիր է: Իրենք, կարծում եմ` շատ լավ պիտի հասկանային, որ քաղաքական մեծամասնությունն իրենց երաժշտության տակ չպետք է պարի»:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին  դիմելու մասին նամակին, ապա Է. Շարմազանովն ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական խմբակցության, գործչի իրավունքն է դիմել էթիկայի հանձնաժողով:

«Ես դատավոր չեմ, ես իմ կարծիքն եմ ասում: Էթիկայի կանոնները խախտելուց առաջ մեր հարգարժան գործընկերներին հարց եմ ուղղում՝ 53 հոգի պիտի ներկայանային, ինչու են 44-ը:

Մնացած 9 հոգու դեմ էլ են բողոքելո՞ւ: Նախընտրական հնարք էր սա: Սահմանադրության որևէ հոդված չի խախտվել: Ընդդիմությունը նրա համար չի, որ ինչ ասի` իշխանությունն ընդունի: Երբ ընդդիմության բոլոր ասածներն ընդունվում են, այն դադարում է ընդդիմություն լինելուց, դառնում է իշխանություն»:

Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք մինչև ժամը 15:00-ն հնարավոր կլինի՞ քվորում ապահովել, Աժ փոխխոսնակն ասաց.«Ես Նոստրադամուսը չեմ»:

Տեսանյութեր

Լրահոս