Ես մտադրված եմ առաջադրվելու. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ի պատասխան հարցին`ի՞նչ զարգացումների դեպքում կարո՞ղ եք Ձեր մտադրությունը փոխել և չառաջադրել Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ասաց.
«Զարգացումնե՞ր: Աստված վերևում է, Բաքվից վերադառնամ՝ կպատասխանեմ այդ հարցին, բայց ես մտադրված եմ առաջադրվելու: Չեմ ասում` դա միակ ձևաչափն է, բայց նախագահական ընտրությունները չի կարելի դիտարկել որպես թվաբանական ինչ-որ մարտակոչ: Եթե ուզում ենք նոր Հայաստան, նոր նախագահություն և դե յուրե իշխանություն, այժմ նրանք, ովքեր միմյանց հետ խորհրդակցում են, հավաքվեն հավաքական թեկնածության մեջ ինձ հետ միասին, դա կլինի հաղթող տարբերակ, և ես կողջունեմ այդ կուսակցությունների զորակցությունը»:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկսած քաղաքական կոնսուլտացիաների մասին «Ժառանգության» առաջնորդը նշեց, թե ուրախ է, որ տարբեր կուսակցություններ խոսում են խորհրդարանական կառավարման մասին, «այժմ նաև ԲՀԿ-ն, երբ իր մաշկի վրա է զգում դատախազի անհիմն միջնորդությունները, բայց կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը չսպասեն օրենքի ընտրովի կիրառումն իրենց վրա զգալուն»:
168.am-ի հարցին` «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ քննարկումներին ի՞նչ հարցեր է քննարկել, Ր.Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ներկա չեմ եղել ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, կարող եք Արմեն Մարտիրոսյանին հարցնել: Կարծում եմ, որ ընդհանուր քննարկում է եղել, չի բացառվում, որ մոտ ապագայում Դաշնակցության հետ հանդիպում լինի և ցանկացած այլ ուժի հետ: Այս շրջանն է, և պետք չէ որևէ ինտրիգ կամ դավային տեսություն որոնել այս խորհրդակցությունների մեջ: Սա բնական է, և հայաստանյան ժամացույցից մի քիչ ուշացած, պետք է 1 կամ 3 տարի առաջ լիներ, բայց մի ամիս առաջ է լինում»:
Ր.Հովհաննիսյանը նաև նշեց, որ գոհ է բաց քննարկումներից և բնական է համարում, որ յուրաքանչյուր կուսակցություն հետապնդում է իր շահը: