Որտե՞ղ էին ԲՀԿ-ական պատգամավորները
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ նիստի տապալմանը, ասաց. «Ես կարծում եմ, որ սա լավ նախադեպ չէ: Վերջիվերջո, Ազգային ժողով հարց կարող են բերել հանրապետության նախագահը, կառավարությունը և Ազգային ժողով ներկայացրած քաղաքական ուժերը, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը Ազգային ժողովում ներկայացրած քաղաքական ուժերին զրկում են դրանից:
Վերջիվերջո, ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» միասին, հարց են ներկայացրել, ժողովրդին հետաքրքրող հարց է, որը վերաբերում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն՝ հատկապես հաշվի առնելով մեր նախկին ընտրությունները, ակնհայտ խախտումները, բոլորի համար շատ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, և իշխող կուսակցությունն այդ հնարավորությունը չի տալիս: Սա շատ վատ նախադեպ է»:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ այսօրվա նիստին ներկա չէին նաև ԲՀԿ խմբակցության վեց պատգամավորները, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Գիտեք, ես հատ-հատ չեմ նայել: Նրանցից մի քանիսը երկրում չեն, երևի թե հարգելի պատճառներով, համենայնդեպս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ջախջախիչ մեծամասնությունն այստեղ էր, մյուս քաղաքական ուժերն այստեղ էին: Ընդամենը եթե իշխող կոալիցիայից տասը հոգի ներկա լիներ, արդեն քվորում կլիներ, հարցը կքննարկեինք, ժողովուրդը կլսեր դրա մասին և կփորձեինք ինչ-որ լուծումներ տալ, ուղղակի թույլ չտալ, որ հարցը քննարկվի՝ օգտագործելով այս խոչընդոտը, կարծում եմ՝ լավ նշան չէ»: