«Ժառանգությունը» որոշել է Արզումանյանին ետ կանչել զբաղեցրած պաշտոններից
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ժառանգությունն» արդեն դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ երկու հանձնաժողովում, Միջազգային խորհրդարանական 3 կազմակերպություններում, բարեկամական մի շարք խմբերում Ալեքսանդր Արզումանյանին փոխելու խնդրանքով:
«Քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով խմբակցության կազմում, ներկայացնում է միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այդ իսկ պատճառով, բնականաբար, պետք է խմբակցությունը ունենա իր ներկայացուցիչները հանձնաժողովներում և պատվիրակությունների կազմում»,- ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Արզումանյանը, մասնավորաբար, զբաղեցնում է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ, նախկին արտգործնախարարի փոխարեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ներկայացրել են Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո «Ժառանգության» կազմը համալրած Թևան Պողոսյանի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունները:
«Ժառանգությունը» իր երեք հոգանոց կազմից Արզումանյանի փոխարեն նոր առաջադրումներ է ներկայացրել նաև միջխորհրդարանական կազմակերպություններում և բարեկամական խմբերում:
«Այն, ինչ արվում է այսօր խմբակցության կողմից, դա ստիպված քայլ է, որովհետեւ, եթե հայտարարվում է, որ [Արզումանյանը] չի ներկայացնում խմբակցությունը եւ պատասխանատվություն չի կրում խմբակցության գործունեության համար, դու այլ ելք չունես», – ասաց Ռուբեն Հակոբյանը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը` Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Կնախընտրեի, որ դա արվեր ոչ թե թերթերի միջոցով և դիմումով Ազգային ժողովի նախագահին, այլ նախապես քննարկվեր խմբակցության ներսում, և փորձեինք լուծումներ գտնել: Պետք է հստակ պատկերացնենք, որ Ազգային ժողովի խմբակցությունը վաշտ չէ, որտեղ վաշտի հրամանատարը հանձնարարություններով և հրամաններով է առաջնորդվում: Դա հավասար պատգամավորների խմբակցություն է, որում հարցերը լուծվում են կոլեգիալ: Եվ եթե նման ցանկություն կար, կարելի էր քննարկել, կոմպրոմիս գտնել և այլն»:
Հովիկ Աբրահամյանը դեռևս չի հաստատել «Ժառանգության» վերջին առաջարկները, սակայն ԱԺ-ի կանոնակարգ օրենքի համաձայն, գոնե Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից «Ժառանգությունն» Արզումանյանին չի կարող ետ կանչել առանց վերջինիս ցանկության։ Նա պետք է իր կամքով հրաժարականի դիմում գրի:
Հարցին, թե արդյոք կգնա՞ այդ քայլին, նախկին արտգործնախարարը պատասխանել է. «Հնարավոր է քննարկել: Ցանկացած հարց պետք է քննարկել: Ես դիվանագետ եմ, ես ցանկացած հարց ձգտում են լուծել կոմպրոմիսի, քննարկումների, լայնախոհության շրջանակներում և չեմ սիրում, երբ պարտադրվում են որոշումները»:
ԱԺ կանոնակարգ օրենքում, մասնավորապես, ասված է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե նա իր կամքով հրաժարականի դիմում է գրում կամ դադարում են նրա լիազորությունները, այսինքն՝ նա այլևս պատգամավոր չէ»: