Բաժիններ՝

Մինչև տարեվերջ դպրոցական դասագրքերը կլինեն օնլայն

Մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցական դասագրքերը կլինեն օնլայն և կտեղադրվեն ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր ստեղծված կայքում՝ http://lib.armedu.am-ում: Այս մասին 168.am-ին թղթակցին տեղեկացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ այդպիսով՝ այն երեխաները, ովքեր դասագիրք չունեն, հնարավորություն կունենան անվճար ներբեռնել դասագիրքը և դաս սովորել:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում դասագրքերի հրատարակչությունների հետ` հեղինակային իրավունքի պահպանության մասով, որից հետո դասագրքերը հասանելի կլինեն համացանցում»,- ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ որոշ դասագրքեր արդեն կարելի է գտնել կայքում: Կրթական պաշարների էլեկտրոնային շտեմարանի նպատակն է՝ ստեղծել ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք, որն անընդհատ կհամալրվի նոր գրականությամբ:

Այդտեղ կլինեն ոչ միայն դպրոցական դասագրքեր, այլև ուսումնական և մեթոդական տարբեր ձեռնարկներ և նյութեր, նաև նամակներ և հոդվածներ, կրթության վերաբերյալ էլեկտրոնային արժեքավոր գրականություն: Կայքում ապագա ուսանողները կարող են նաև վարժություններ կատարել և պատրաստվել ընդունելության քննություններին: Ըստ Ա. Պողոսյանի՝ կայքում հնարավոր կլինի անվճար գտնել նաև «Կրթություն» շաբաթաթերթի բոլոր համարները:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել «Պաշարների շտեմարան» (http://lib.armedu.am)  կայքի շնորհանդեսը: Կայքը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության համագործակցության արդյունքում: Կայքի ստեղծման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տրամադրել է 7մլն 800 հազ. դրամ, որից բավական մեծ գումար տրամադրվել է հատուկ կայքի համար ձեռք բերված հզոր սերվերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս