Վարդան Օսկանյանին հրավիրել էին ԱԱԾ` այս անգամ ջրամատակարարման հարցով
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն, ասված է Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Այսօր` նոյեմբերի 19-ին, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ` տեղեկացվելու, որ հիմնադրամի` դեռ 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել: Այս կերպ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:
Մասնավորապես` հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, որն արդեն տևական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերում էր ՀՀ սահմանամերձ շրջանների ջրամատակարարմանը:
Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր Սիվիլիթաս հիմնադրամի և Վարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար»,- նշված է հաղորդագրությունում:
ՍիվիլՆեթ