Արամ Մանուկյանը չի բացառում ՀԱԿ-ՀՅԴ միասնական թեկնածուի առաջադրումը

Ինչպես և սպասվում էր, այսօր կայացել է քաղաքական քննարկում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հանդիպումը տևել է 2 ժամ 20 րոպե:

«ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը շատ մանրամասն, կարող եմ ասել, որ անգամ ավելի երկար ու փաստարկված, քան փաստաթղթում, ներկայացրել են իրենց ծրագիրը: ՀՅԴ առաջարկները կետ առ կետ քննարկվել են: Շատ հանգիստ, աշխատանքային պայմաններում, երկար ժամանակ մանրամասն քննարկել ենք փաստաթուղթը»,- ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ՀՅԴ նախաձեռնությունը քաղաքական գործընթաց է, որը ՀԱԿ-ը դրական է համարում: «Կային կետեր, որոնց շուրջ մենք միմյանց հետ համաձայնեցինք, կային և այնպիսիք, որոնց շուրջ համամիտ չէինք իրար հետ, բայց, մեծ առումով, դրականն ավելի շատ էր: Կարևորն այն է, որ մենք որոշեցինք շարունակել քննարկումները՝ ընդհանրական լուծումներ գտնելու համար»,- ընդգծեց Ա. Մանուկյանը:

Մեր հարցին, թե արդյոք քննարկումների արդյունքնում հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում հանդես գան միասնական թեկնածուով, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Չեմ բացառում ոչինչ»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն շաբաթ օրն արդեն իսկ հանդիպել է ՕԵԿ–ի հետ ու քննարկել իրենց ներկայացրած 7-կետանոց առաջարկությունները: Նույն օրակարգով ՀՅԴ-ն դիմել է նաև ՀՀԿ-ին, «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին:

 

Տեսանյութեր

Լրահոս