Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կսատարի «մարզային կառույցներո՞վ»
Այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Այդ տեղեկությունը ԲՀԿ-ի կողմից ոչ միայն չի հերքվել, այլև սպասվում է, որ կամ այսօր մինչև երեկո, կամ վաղը ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցը հանդես կգա Արման Սահակյանին սատարելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ:
Սա բավական հետաքրքիր զարգացում է հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունների պարագայում և հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում՝ լինել «այլընտրանք», ինչպես որ իրեն հռչակել է ԲՀԿ-ն:
Փաստորեն, մի ուժ, որը հանրային ընկալման մեջ փորձ է անում ներկայանալ՝ որպես իշխանության դեմ պայքարող, փոփոխությունների ձգտող կուսակցություն, պաշտպանում է Հայաստանի ներկայիս «խայտառակ վիճակի համար պատասխանատու» կուսակցության` ՀՀԿ-ի թեկնածուին: Ընդ որում, խոսքը մի թեկնածուի մասին է, ում նկատմամբ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում և այդ հաղթանակը ԲՀԿ-ի կողմից ներկայացվեց՝ որպես լրջագույն ձեռքբերում «իշխանության դեմ պայքարում»:
Իրավիճակը ծիծաղելի և, միաժամանակ, անհեթեթ է նաև նրանով, որ ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հենց նույն Մարտուն Գրիգորյանն է: Փաստորեն, վերջինս պատրաստվում է պաշտպանել ընդամենը վեց ամիս առաջվա իր հակառակորդին: Սամվել Բալասանյանի պարագան էլ, տվյալ դեպքում, հետաքրքիր է նրանով, որ հենց վերջինիս զբաղեցրած ընտրատարածքում է առաջադրվել Արման Սահակյանը:
Այդ ընտրատարածքն ազատվեց այն բանից հետո, երբ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանի առաջարկությամբ առաջադրվեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում և ընտրվեց նաև ՀՀԿ-ի պաշտոնական սատարման արդյունքում: Այսինքն` հիմա ԲՀԿ-ն փոխհատուցում է ՀՀԿ-ին` Սամվել Բալասանյանին սատարելու դիմաց: Այն տարբերությամբ, որ Բալասանյանին սատարում էր ՀՀԿ-ն` նրա և հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արման Սահակյանին սատարելու է ԲՀԿ-ի ընդամենը մարզային կառույցը` Մարտուն Գրիգորյանի ղեկավարությամբ:
Սակայն սա ոչ թե ԲՀԿ-ի «Ժլատության», այլ ներկայիս քաղաքական զարգացումների առանձնահատկության արդյունքն է, և ՀՀԿ-ն ու Արման Սահակյանը, թերևս, ըմբռնումով կմոտենան, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում նրան սատարելու մասին: Հիմա ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ պայքարում է իշխանության դեմ, և մի փոքր սխալ կհասկացվեր, եթե կուսակցությունը` կենտրոնական գրասենյակի մակարդակով հայտարարեր, որ սատարում է իր պայքարի «թիրախ» հանդիսացող ուժի թեկնածուին:
Այդ առումով մարզային կառույցի մակարդակով «հակառակորդ» քաղաքական ուժի ներկայացուցչին սատարելու պրակտիկան կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի համար:
Իհարկե, անգամ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ի որևէ կառույց կարող է անգամ սեփական աղբահան մեքենաներն օգտագործելու մասին որոշում կայացնել՝ առանց կուսակցության կենտրոնական գրասենյակի ու Գագիկ Ծառուկյանի թույլտվության: Սակայն մարզային կառույցների առկայությունը թույլ է տալիս գոնե քարոզչական մակարդակում «արդարանալ»` մինչև հայտնի կլինեն ԲՀԿ-ի անելիքները:
ԲՀԿ-ն հիմա այնպիսի իրավիճակում է, որ ամեն օր կարող է որոշում կայացվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու՝ հասարակությանը ներկայացնելու տեսանկյունից:
Այդ հարցում կարող են օգնության հասնել ԲՀԿ-ի մարզային կառույցները: Ասենք՝ հանրապետության 10 մարզային կառույցները կարող են հայտարարել 2013 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակն էլ` հետևելով շարքերի պահանջին, կարող է ընդառաջել նրանց կամ հայտարարել, որ ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին: