Սաֆարյանը դիմել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Այս մասին Ստյոպա Սաֆարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նման նամակով դիմելու պատճառը, ըստ նրա՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայությունն է:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն գնդապետ,
Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաև` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, խնդրում եմ ինձ տրամադրել.
1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով:
2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է Հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները և անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը:
Համագործակցության պատրաստակամությամբ` Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու»: