«Մուշ» ռեստորանում ծեծելով սպանել են ոստիկանության նախկին քննիչ, այժմ փաստաբանական գործությամբ զբաղվող անձի
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում՝ նախկին «Կիրովական», այժմ «Մուշ» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ, երեք երեխաների հայր 49-ամյա Սամվել Շարբաթյանին ծեծի ենթարկելով սպանելու մեջ:
Վանաձորցիները Ֆոտոլրագրողին պատմել են, որ Ս. Շարբաթյանը 3 հոգու հետ գտնվել է «Մուշ» ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որը շարունակվել է ռեստորանի բակում: Ծեծողները Ս. Շարբաթյանին մահացած վիճակում թողել են դեպքի վայրում և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը նախկինում աշխատել է ոստիկանության քննչական ապարատում՝ որպես քննիչ և քննիչի աշխատանքը թողնելուց հետո զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը արդեն պարզել են երեք անձանց ինքնությունները և այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: