
Արսեն Ղազարյան. Մենք կողմ ենք, որպեսզի սահմանի վրա չլինի ԱԱՀ

ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կողմ է, որպեսզի սահմանի վրա ԱԱՀ չգանձվի, սակայն ունի որոշ վերապահումներ։ Այդ մասին Ա. Ղազարյանը նշեց 168.am-ի հետ զրույցում:
«Մենք էլ ենք միշտ նշել, որ սահմանի վրա ԱԱՀ գանձումը ֆինանսական ռեսուրսների սառեցում է բիզնեսի համար»,- նշեց Ա.Ղազարյանը` հավելելով, սակայն, որ դա կապված է երկրի հիմնական տնտեսական վիճակի և ստվերայնության բարձր մակարդակի հետ, որի արդյունքում՝ հարկերը քիչ են հավաքվում: Նա նշեց, որ եթե այդ խնդիրները լուծվեն և վերանան, պետությունն ինքն էլ կգնա դեպի այդ գործիքը փոխելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` օրերս ելույթ ունենալով «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է արել վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։
Թեև վարչապետը ներկա է եղել այդ քննարկմանը, սակայն պաշտոնական որևէ արձագանք նշված առաջարկությանը դեռևս չի հնչել։