Բաժիններ՝

Գագիկ Մակարյան. Հայաստանի տնտեսության վերականգնման համար հարկավոր է 5 մլրդ դոլար գումար

«Հայաստանում ձեռնարկությունների վերազինման խնդիրը եղել է և շարունակում է մնալ ձեռնարկատիրության ոլորտում: Հայաստանում կարևոր են նաև վարկավորման և լիզինգի հիմնախնդիրները, որոնք մեծ դեր են խաղում ձեռնարկատիրական ոլորտի զարգացման գործընթացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ Մակարյանի՝ «Ձեռնարկատիրական ոլորտում առկա խնդիրների հիմնապատճառը պաշտոնյաների ներգրավվածությունն է բիզնես ոլորտում»:

«Եթե բյուջեի եկամտային մասը փոքր է, նշանակում է՝ հարկահավաքման գործընթացը անբավարար մակարդակի վրա է, նշանակում է՝ իշխանությունների՝ գործարար միջավայրում ներգրավվածությունը խանգարում է այդ գործընթացին»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով՝ տնտեսությունում առկա կոռուպցիան նույնպես ունի իր բացասական ազդեցությունը երկրի տնտեսական զարգացման վրա:

«Հայաստանի տնտեսության վերականգնման համար հարկավոր է 5 մլրդ դոլար գումար: Այդ գումարները պետք է բաժանված լինեն ըստ առաջնահերթությունների և խելամիտ օգտագործվեն»,- նշեց Գ.Մակարյանը:

Բանախոսի կարծիքով՝ մեկ այլ կարևորագույն խնդիր է գործարար միջավայրի  վարկավորման հիմնահարցը. «Վերազինման համար հարկավոր է վարկավորման հնարավորություն, որոնք Հայաստանում սահմանափակ են: Մասնավորապես՝ հայկական դրամով իրականացվող վարկավորումները 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով են, իսկ դոլարով՝ տարեկան 12 տոկոսի սահմաններում են: Լիզինգային ծրագրերը նույնպես վատ են գործում Հայաստանում: Տոկոսադրույքները նույնպես բարձր են»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս