Անուշ Սեդրակյանը կդառնա՞ նոր «Շամիրամ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե «Ազատ դեմոկրատները»` ի դեմս իրեն, հնարավոր է` նախագահական ընտրություններում հանդես գան կին թեկնածուով, ասաց. ««Ազատ դեմոկրատները», լինելով վառ արտահայտված լիբերալ ուժ, պետք է անպայման գոնե քննարկի այդ հարցը»:
Միաժամանակ նա նա նշեց, որ կուսակցությունում այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է և որևէ որոշում դեռևս չկա:
Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, թե շատ դրական է վերաբերվում կին թեկնածուի առաջադրմանը և ողջունում է այդ գաղափարը, քանի որ, նրա խոսքով, կանայք միշտ բացառիկ դեր են խաղացել մեր կյանքում և պատմության մեջ:
Ի պատասխան՝ կես կատակ, կես լուրջ հնչած հարցին` եթե ողջունում եք Անուշ Սեդրակյանի հնարավոր առաջադրումը, նշանակում է` չե՞ք բացառում, որ Հանրապետական կուսակցությունը կարող է պաշտպանել Ա.Սեդրակյանի թեկնածությունը, Ա.Դավթյանն ասաց. «Եթե, չգիտեմ` ի՞նչ պետք է լիներ, որ ՀՀԿ-ն հանդես չգար սեփական թեկնածուն, ապա այդ պարագայում՝ ինչո՞ւ ոչ, Անուշ Սեդրակյանի կերպարով կարող ենք տեսնել այն, ինչ որ ուզում ենք տեսնել»:
Նաև հավելեց, թե դա, իհարկե, երազանքների դաշտից է:
Արտակ Դավթյանը նաև հիշեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ արդեն եղել է նման նախադեպ, երբ, ի դեմս «Շամիրամ» կուսակցության, կանայք կարողացան լուրջ ուժ դառնալ քաղաքական դաշտում:
«Մեր նորագույն պատմության մեջ արդեն եղել է մեկ դեպք, երբ կնոջ կերպարը հանրությանը ներկայացնելով`խորհրդարանում հայտնվեց մի ամբողջ խմբակցություն, հիշո՞ւմ եք: Բայց զուտ քաղաքական դաշտում իր դերակատարությունն ունենալու տեսակետից սա բոլորովին այլ խոսք է և այլ սերիայից է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կանանց «Շամիրամ» կուսակցութունն ԱԺ-ում հայտնվեց 1995 թվականին: