Բոլորը գիտեն պետական ինստիտուտների «քաչալի» մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մյուս քաղաքական ուժերի միջև սկսված քաղաքական քննարկումներն ի՞նչ արդյունք կարող են ունենալ, ասաց, որ դա քաղաքական ուժերի որոշելիքն է անցկացնել կոնսուլտացիաներ, թե ոչ:

«Ամեն դեպքում մենք մեր օրակարգում ունենք շատ հստակ հարց, որն առաջիկա նախագահական ընտրություններն են, և կոնկրետ այն, ինչի մասին խոսքը գնում է` համամասնական ընտրական համակարգ և այլն, ուղղակի իրողություններից կտրված ինչ-ինչ քննարկումներ են, որոնց տողատակերում պետք է կարդաս` հասկանալու, թե դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այդ հարցի վերաբերյալ նշեց, որ քաղաքական կոնսուլտացիաներն ինքնին` որպես երևույթ, ողջունելի են, բայց յուրաքանչյուր կոնսուլտացիոն համակարգ իր մեջ ունի երկու պլան. «առաջին պլանն այն է, երբ ուղղակի լսում ես և կարծիքներ ես փոխանակում, երկրորդը, այսպես կոչված՝ ինտրիգային գործընացն է և այդ գործընթացի միտումները: Ես` որպես իրոք ազատական, թափանցիկ ուժի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք, այսպես կոչված, առաջին պլանի քննարկումներին, այսինքն`պարտավոր ենք լսել բոլոր քաղաքական ուժերին, մանավանդ՝ ընդդիմադիր ուժերին: Բայց, կարծում եմ, քաղաքական ուժերը նման քննարկումները պետք է սկսեին 3-4 տարի առաջ»:

Ա.Սեդրակյանն ավելացրեց նաև, որ այդ քննարկումներն ամեն դեպքում քաղաքական տեխնոլոգիաներ են, և խոսել լուրջ համախմբման մասին տվյալ դեպքում վիճահարույց կլինի:

Իսկ ի պատասխան հարցին, թե ի՞նչ ընթացք կունենան նախագահական ընտրությունները և ի՞նչ հավանական թեկնածուներ եք տեսնում, «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը որոշեց պատմել մի անեկդոտ. ««Նայի´ր մամա, էս մարդը քաչալ ա»,- ասում է երեխան մորը: Մայրը պատասխանում է. «Սուս, կլսի»: «Իսկ ինքն ի՞նչ է՝ չգիտի այդ մասին»,- պատասխանում է երեխան: Հիմա այս բոլոր թերացումները, պետական ինստիտուտների բոլոր խնդիրները, այդ եռանկյունին, որը կազմել են երեք նախագահները, բոլորը գիտեն դրա մասին, թե´ իշխանությունը և թե´ ընդդիմությունը: Մենք վերջապես մի անգամ պետք է գնանք թափանցիկ նախագահական ընտրությունների, այլապես ունենալու ենք նույն սցենարի կրկնությունը»:

Արտակ Դավթյանն իր հերթին ասաց. «Ես ամենայն անհամբերությամբ կսպասեմ Ձեր այդ թափանցիկ ծրագրին և ամենայն ուշադրությամբ կընթերցեմ այն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս