«Օլիգարխիկ համակարգն այժմ ամենամեծ վտանգն է Հայաստանի համար»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին և ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նշեց որ Հայաստանը ռազմավարական տեսլականի մշակման և պլանավորման կարիք ունի, և այս համատեքստում տնտեսական խնդիրները շատ կարևոր են:
«Տնտեսությունն է, որը հանդիսանում է ազգային հզորության բանալին, տնտեսական պլանավորումն անհրաժեշտ է նույնիսկ ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական կարգավորման համար, և տնտեսությունը ժողովրդավարության կարևոր հիմքն է»,- ասաց նա:
Ելնելով այս հանգամանքից` փորձագետը հայտարարեց, որ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ռազմավարական համագործակցություն է սկսել Teletrate-Armenia կազմակերպության հետ, որի նպատակը հանրային քննարկումները և տնտեսական վերլուծություններն են` հաղթահարելու Հայաստանի տնտեսական մեկուսացումը, քանի որ Հայաստանի կառավարության ամենամեծ մարտահրավերը գլոբալ տնտեսությունը հասկանալն է:
«Հայաստանում շատ երկար ժամանակ քաղաքականությունը որոշվել է կոնկրետ անհատականությունների կողմից: Նույնիսկ ներկայիս Հայաստանի քաղաքականությունը սահմանափակվում է երեք նախագահներով` առաջին, նախորդ և ներկայիս: Մենք չունենք քաղաքական բավարար քննարկումներ: Քաղաքականությունը շատ հաճախ վերածվում է հայտնիության մրցավազքի` անձերի միջև, բայց ոչ ոչ մրցավազքի` գաղափարների միջև»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ իրենց նպատակը ֆինանսական քննարկումների բարձրացման մակարդակն է, որովհետև շատ դեպքերում գիտելիքը ուժ է:
«Որքան տեղեկացված լինի ՀՀ քաղաքացին, այնքան նա պետությանն ավելի հաշվետու կարող է դարձնել: Մենք ուզում ենք քաջալերել ոչ թե անձերին, այլ ինստիտուտներին, դա անհրաժեշտ է Հայաստանի ներքին մարտահրավերների և արտաքին վտանգների համար: Ժողովրդավարություն և ավելի հզոր տնտեսություն ունենալու համար մենք ոչ թե պետք է նայենք ամերիկացիներին կամ եվրոպացիներին, այլ պետք է կենտրոնանանք Հայաստանի վրա և Հայաստանի ուժը կառուցենք հենց երկրի ներսից` հայերի կողմից և հայերի համար: Այդ պատճառով` օլիգարխներին պետք է մարտահրավեր նետել:
Դա ապակառուցողական է ցանկացած հայի համար, որ օլիգարխներն ունեն չվաստակած գերիշխանություն շուկաների նկատմամբ: Օլիգարխիկ համակարգն այժմ ամենամեծ վտանգն է Հայաստանի համար, քանի որ նրանք փակ են պահում շուկաները, չեն վճարում հարկերը և խաթարում են կառավարում են»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: