Ռեկտորների կամ դասախոսների քաղաքական կողմնորոշումներն Աշոտյանին չեն հետաքրքրո՞ւմ

«Ռեկտորները, դպրոցի տնօրենները, ուսանողները, ծնողները, ուսուցիչները ունեն նույն քաղաքական իրավունքները, ինչ-որ դուք կամ ես: Եթե որևէ մեկին դուր չի գալիս դիմացինի քաղաքական ճաշակը, դա չի նշանակում, որ նա պետք է ջանքեր գործադրի այդ մարդու քաղաքական ճաշակը փոխելու կամ քաղաքական իրավունքները սահմանափակելու»,- պատասխանելով galatv.am-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների զգալի հատվածը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Վերջինիս խոսքով` սահմանափակումներ դնելու անհրաժեշտություն չկա, քանի, որ դա ամենահակաժողովրդական, ամենատոտալիտար և խորհրդային ժամանակներ հիշեցնող քննադատությունն է:

«Ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է ձեզ հետ միասին խոսենք մեր ռեկտորների կամ դասախոսների քաղաքական կողմնորոշումների մասին: Սա բացարձակ ինձ չի հետաքրքրում՝ որպես կրթության նախարար: Հանրապետական են, շատ լավ, կան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից երեք ռեկտորներ: Իմ օրոք եղել են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից ռեկտորներ, ուղղակի ժամկետներն են անցել»,- նշել է Կրթության և գիտության նախարարը:

Հիշեցնենք, որ ուսանողության միջազգային օրվա առթիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր հանդիպում է ունեցել տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ: Վերջիններիս հետ զրույցում Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ակնկալում է ուսխորհուրդների ղեկավարների աջակցությունը` համատեղ պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ, որոնք առկա են ուսումնական հաստատություններում:

Տեսանյութեր

Լրահոս