Այսուհետ, ՀԱԿ-ը հայտարարում է զրոյական հանդուրժողականություն ռեժիմի որևէ ոտնձգության դեմ. Լ.Զուրաբյան
Քիչ առաջ ավարտվեց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Ազատության քայլերթ» խորագիրը կրող երթը:
Երթի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին, ինչպես նաև դատապարտում էին իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «2011 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցավ այն իրադարձությունը, որի պատճառով այսօր իշխանությունների կողմից հետապնդվում են մեր երիտասարադ ակտիվիստները:
Խորհրդանշական եմ համարում այն հանգամանքը, որ երբ ոստիկանությունն, ըստ էության, հարձակվեց և ապօրինաբար՝ դաժան ծեծի ենթարկելով մեր ակտիվիստներին, տարավ բաժանմունք, այս դեպքը կատարվեց ուղիղ այն ժամանակ, երբ իշխանությունները բանակցում էին ընդդիմության՝ ի դեմս ՀԱԿ-ի հետ, Հայաստանում օրինակարգ իշխանություններ հաստատելու նպատակով՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ»,- հայտարարեց նա:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ ակտիվստների հանդեպ կատարված անօրինականությունը ցույց տվեց, որ մի կողմից իշխանությունն ամբողջ աշխարհին ու հասարակությանն ցանկանում էր ներկայացնել, որ պատրաստ է ընդդիմության հետ «նստել մի սեղանի շուրջ ու բանակցել», բայց մյուս կողմից՝ «նենգաբար պատրաստում էր քայլեր, որոնք պետք է վիժեցնեին այդ գործողությունը»:
«Մենք հասկացանք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որի որևէ խոսքին, խոստմանը, պնդմանը մենք չպետք է հավատանք: Մենք հասկացանք, որ այս իշխանությունները սպառեցին խաղաղ անցման ռեսուրսը դեպի ժողովրդավարություն: Մարտի մեկի դեպքերից հետո ամբողջ միջազգային հանրությունը սպասում էր, որ քաղբանտարկյալներին ազատելուց հետո Հայաստանում պետք է սկսվեին բանակցություններ՝ ուղղված ժողովրդավարության հաստատմանը: Մենք ինքներս էլ կողմ էինք այս նախաձեռնությանը: Բայց հայաստանյան իշխանությունները ցույց տվեցին, որ նրանց հետ երկխոսելը ոչ մի իմաստ չունի: Ցույց տվեցին դա՝ առաջին հերթին իրականացնելով այս կեղտոտ գործը՝ կազմակերպելով սադրանքն ու բանտարկելով մեր ակտիվիստներին»,- նշեց նա:
Նրա խոսքով, ՀԱԿ-ի ևս երեք ակտիվիստներ կհայտնվեն ճաղերի ետևում, եթե ռեժիմը տրամաբանական ավարտի հասցնի գործընթացը, որն այսօր ընթանում է ՀԱԿ ակտիվիստների գործի շուրջ:
«Այսուհետ մենք հայտարարում ենք զրոյական հանդուրժողականություն ռեժիմի որևէ ոտնձգության դեմ մեր ազատությունների նկատմամբ: Այո, հենց մեկ Տիգրան Առաքելյանի համար, եթե պետք է, մենք կխառնենք ողջ երկիրը»,- եզրափակեց նա:
Երթի մասնակիցները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից շարժվեցին դեպի Տերյան-Սայաթ-Նովա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Տերյան երթուղիով: