Strikeball խաղը Հայաստանում. իրական պատերազմ` զենք ու զրահով (լուսանկարներ)

Armenian Extreme Club-ն արդեն որերորդ անգամ կազմակերպում է Strikeball կոչվող խաղը: Մեզ հետ զրույցում ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը պատմեց, որ Strikeball-ը պատերազմական իրավիճակին բնույթով ամենամոտ խաղն է. «Խաղի ժամանակ ծանր զենք ես օգտագործում, որն իր արտաքին տեսքով ոչնչով չի տարբերվում պատերազմի ժամանակ օգտագործվող իրական զենքերից: Ի տարբերություն պատերազմի ժամանակ օգտագործվող զենքերի, այս զենքերը կրակում են պլաստմասսե շարիկներ, որոնք, թեև ցավեցնում են, բայց մարմնին վնաս չեն հասցնում: Եթե համապատասխան զրահներ չհագնես, ապա լուրջ վնասվածքներ կստանաս: Շարիկները բավական հեռու են թռչում: Կարճ ասած` իրական պատերազմ է` զենք ու զրահով, իսկական տակտիկական համագործակցությամբ, մեկը մյուսին օգնելով»:

Strikeball-ում օգտագործվում են մշակված սցենարներ` հարձակում, պաշտպանություն, գերիների ազատ արձակում, նախագահի տեղափոխում, և այլն:

«Շատ հետաքրքիր խաղ է և նոր է սկսել հայերի շրջանում հետաքրքրություն առաջացնել: Strikeball-ն այստեղ պետք է անպայման զարգանա, քանի որ

Հայաստանում չի եղել մի սերունդ, որը պատերազմ չտեսնի: Մենք պետք է իմանանք՝ ինչպես է պետք զենքին տիրապետել»,-ասաց Գոռը:

Մեր հարցին, թե որտե՞ղ են այն խաղում, Գոռը պատասխանեց.  «Շատ երկար փնտրտուքներից հետո` Հայաստանում գտանք մի քանի հարմար տարածքներ: Մեկը մի քանի հարկանի շենք է՝ բավականին մեծ տարածք է, շատ սենյակներով, նախկինում հանրակացարան է եղել: Հին լքված գործարան էլ ենք գտել, այնտեղ էլ ենք կազմակերպում, ինչպես նաև գտել ենք մի քանի դաշտային տարածքներ»:

Ակումբը Strikeball-ի շրջանակում  հատուկ նշանակության ջոկատի սպաների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է դասընթացներ, որոնք բոլոր ցանկացողների համար անվճար են:

Ակումբի և խաղի նպատակն է՝ որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, որպեսզի հասկանան, թե պատերազմն իրենից ինչ է ներկայացնում. «Այսօրվա երիտասարդությունը պատերազմի մասին տեղեկանում է կա՛մ ֆիլմերից, որոնք, երբ համեմատում ենք իրականության հետ, ծիծաղելի են, կա՛մ էլ համակարգչային խաղերից, որն իրականությունից շեղում է»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս